Շարմազանով. Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը
«Մենք՝ խորհրդարանականներս, պետք է մերժենք բռնության ու այլատյացության ցանկացած դրսևորում»: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Սլովակիայում Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ հանդիպմանը:
«Այսօր էլ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հայատյացության քարոզ, որը դատապարտելի է: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը»,-նշել է նա:
ԱԺ լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Կարևորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը:
ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել Դուշան Տիտելին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման ու Սլովակիայի խորհրդարանում «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա բարձր է գնահատել Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիա-Հայաստան բարեկամական կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Դուշան Տիտելին, իսկ ԱԺ նախագահի հուշամեդալ` հայ բարերար Բագրատ Հակոբյանին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ներդրած նշանակալի ավանդի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան