Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների պատճառն անորոշությունն էր. Հովհաննես Քոչարյան
ՀՀ ոստիկանության՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ կատարվող փոփոխությունները մի շարք մտահոգությունների տեղիք են տվել: Մայիսի 24-ին Ոստիկանությունում կազմակերպված քննարկման ժամանակ Հանրային խորհրդի անդամ Արթուր Գրիգորյանը նշեց, որ իր համար զարմանալի է գծից գիծ փոխվող թարթիչի համար տուգանք չսահմանելը: «Մեր վարորդների եռանդը առանց այդ էլ դժվար է զսպել, դուք ուզում եք եղած գործիքն էլ հանել»,- ասաց նա: Ներկայացնելով կոնկրետ դեպք, երբ մեքենայի պետհամարանիշը ծածկված էր թղթով, Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչն արձագանքեց, որ վարորդը կարող է մեքենայի պետհամարանիշները փակած վիճակում մեքենան իր տան դարպասների առջև կանգնեցնել, ուստի յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է: Այս խնդիրը լուրջ է նաև ոստիկանության համար, և բոլոր դեպքերում իրենք արձագանքում են, կազմում վարչական ակտեր, արձանագրություններ, վարորդները ենթարկվում են պատասխանատվության, թեպետ ոչ միշտ է, որ այդ մասին հրապարակավ հայտարարվում է:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ մտահոգությունների հիմք էին դարձել գրանցված կոպիտ խախտումները, սակայն դրանց պատճառը վարչապետի հայտարարությունը չէր, այլ անորոշությունը, որ ձևավորվել էր՝ կապված տեսանկարահանող սարքերի գործունության դադարեցման հետ: «Մենք այս հայտարարությամբ այս անորոշության վերջը տվեցինք: Խաղի կանոնները կարծես ավելի են հստակեցվում: ՃՈ-ն պարեկային ծառայողների միջոցով շարունակելու է անվտանգության հսկողություն իրականացնելու միջոցառումները: Նման խախտումների առջև աչք չի փակվելու»,- նշեց նա:
Քոչարյանն ընդգծեց՝ պետք չէ մտածել, որ բոլոր խախտումները ապավարչականացված են, խոսքը միայն տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների մասին է, ինչը պայմանավորված է այն բողոքներով, որ տեսանկարահանող սարքի ֆիքսած խախտումը չի հիմնավորվում բավարար չափով: Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ երթևեկության անվտանգության, կոպիտ խախտումների նկատմամբ հսկողությունը լինելու է մշտապես, սակայն կոչ են անում վարորդներին՝ սա ի չարս հանրության չկիրառել:
Նա նաև ասաց, որ այն բոլոր վարորդները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, բողոքարկել են տուգանքները, նրանք հաջողության են հասել, մինչդեռ շատերը պարզապես քաշքշուկից խուսափելու համար չեն բողոքարկել, վճարել են տուգանքները: «Մենք չենք ուզում, որ օրինավոր քաղաքացին միշտ հայտնվի տուժողի դերում, և ինչ-որ փուլից սկսած՝ փորձում ենք մարդկանց հնարավորությունները հավասարակշռել»,- ասաց նա:
Քոչարյանը հայտնեց, որ հաշվի առնելով հետաքրքրվածության աստիճանը՝ ՀՀ ոստիկանությունում հաջորդ հանդիպումը կլինի վարորդական վկայականների տրամադրման, քննությունների թեմայով:
Հարակից հրապարակումներ`
- Ճանապարհային ոստիկանությունն ամենօրյա մոնիթորինգ է իրականացնելու
- Անհրաժեշտ է վիճակագրություն նայել՝ որ վարորդներն են, որ այդ տուգանքները չեն վճարել. փաստաբան
- Հուսով ենք՝ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա. ՃՈ
- Ոստիկանություն. Վերջին հինգ տարիների տուգանքները կչեղարկվեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում