Մի քանի միլիարդ ծախսել ենք, սարքերը դրել ենք, կողպեքը կախել ու գնացել մեր գործերով. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, կլուծարվի «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով որոշման նախագիծն՝ ասաց, որ 2010 թվականին ընդունված համապատասխան որոշմամբ՝ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկրորդ փուլով նախատեսվել էր հիմնադրել Ճառագայթային կենտրոն, որի ողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։
Սակայն ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում, ըստ նախարարի, հայկական կողմը խնդրել է ՀԲ-ին Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները վերաբաշխել այլ ուղղություններով, արդյունքում, ձեռնարկվել է վարկային համաձայնագրի փոփոխության գործընթացը։
«Վարկային համաձայնագրի գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց Ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն, ինչպես նաև համապատասխան բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցնելուն»,- նշեց նա:
Արսեն Թորոսյանն ասաց, որ ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար պետական բյուջեով ևս հատկացումներ նախատեսված չեն, ուստի առաջարկվում է այն լուծարել: Այդուհանդերձ, ըստ նախարարի, կարևորելով այս ուղղությունն առողջապահությունում, պլանավորվում է ոլորտը զարգացնել մասնավոր ներդրողների կողմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ է եղել առաջին փուլը. «Ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն կոչվող սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման դիագնոստիկայի համար»:
Արսեն Թորոսյանն ասաց՝ դեռ 2009 թվականից սկսած որոշում է կայացվել, որ Հայաստանին անհրաժեշտ է նման ախտորոշման կենտրոն և մինչ օրս էլ նման կենտրոն չկա, ինչի արդյունքում հիվանդները բուժման նպատակով այլ երկրներ են գնում:
«Այդ ծրագրի շրջանակներում բազմաթիվ իրավական ակտերով պետական բյուջեից ծախսվել է մոտ 2,2 մլրդ դրամ և 5,4 միլիոն եվրո բելգիական վարկ, որի շրջանակներում ոչ միայն ցիկլատրոն է տեղադրվել, այլև հենց ախտորոշիչ սարքավորումները։ Միջազգային չափանիշներին համաձայն կառուցվել է շենքը, աշխատանքի 95%-ը կատարված է, բայց տարատեսակ խոչընդոտների պատճառով գործընթացը չի շարժվել։ Ես ինքս էլ պետք է Ձեզ խնդրեի, որ այդ հարցը մենք լուծենք: Տեղյակ եմ նաև, որ ներգրավված են եղել այլ գերատեսչություններ, Ձեր հանձնարարությամբ կարող ենք քննարկել, հասկանալ՝ ինչ լուծումներ կարող ենք տալ։ Այս պահի դրությամբ չի գործում, բելգիական վարկն էլ մարվում է աստիճանաբար, 1,2 մլն եվրոն արդեն մարվել է», - հայտնեց նախարարը։
«Այսինքն՝ մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով: Ի՞նչ խոչընդոտներ են եղել», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախարարը պատասխանեց, որ իրականում բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից, վերջացրած մրցույթի հայտարարմամբ, բայց քանի որ աշխատանքն ամբողջությամբ չի ավարտվել, կենտրոնի կոնցեսիոների հետ հանձնում-ընդունում չի կատարվել։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարօրինակ պատմություն է, երբ գործի 95%-ն արված է, և փաստորեն, արդեն 10 տարի ոչինչ չի արվել, որ այդ 5%-ն արվի. «Հիմա ո՞նց ենք լուծելու այդ խնդիրը»:
Արսեն Թորոսյանն առաջարկեց Արդարադատության նախարարության հետ իրավական տեսանկյունից խորհրդակցեն, թե ինչ լուծումներ կան, հետո ներկայացնեն, թե ինչպես կարող են սեղմ ժամկետում գործարկել կենտրոնը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք չեն հնացե՞լ այդ սարքավորումները։ Նախարարը պատասխանեց, որ դրանք երբևէ չեն օգտագործվել, պահման պայմաններն էլ պատշաճ մակարդակում են եղել։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ հայտնեց, որ խնդիրը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, իրենք զբաղվում են դրանով: Այստեղ, ըստ նրա, անհրաժեշտ են իրավական լուծումներ՝ պայմանավորված տեխնիկական խնդիրներով:
«Առողջապահության նախարարության հետ կաշխատենք, կառաջարկենք լուծումներ: Այստեղ նաև հնարավոր է վեճ ծագի անձանց հետ, որոնք ներդրումներ են արել կամ շահ են ունեցել: Կփորձենք հնարավորինս կոորդինացնել և հավասարակշռել այս ամենը»,- ասաց արդարադատության նախարարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարելի է քննարկել նաև այն տարբերակը, եթե ոլորտի շահագրգիռ ընկերությունները հետաքրքրված են, գուցե բաժնեմասերով ընկերություն ստեղծվի, որը նաև օգտվի ախտորոշիչ կենտրոնից և բուժական մասի աշխատանքից։
«Համենայնդեպս, պետք է ինտենսիվ աշխատել, քանի որ արդեն այդքան գումար ծախսվել է», - նշեց վարչապետը։