Վերջին 10 տարիներին չեմ հիշում դեպք, որ մեզ մեղադրեն որևէ ծրագրի սխալ իրականացման համար. Արա Վարդանյան
«Իմ համար ամենագլխավորն այն երեխաների, այն մարդկանց ուրախությունն է, որը լինում է տարբեր ծրագրերի ժամանակ»,- այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն՝ անդրադառնալով հիմնադրամի ձեռբերումներին։
«Նախորդ տարի լրացավ հիմնադրամի 25-ամյակը և մենք հայտարարեցինք, որ հիմնադրամն իր ծրագրերով ուղղակի կամ անուղղակի օգնել է 500 հազար մարդու: Այսինքն՝ այսքան մարդու կյանքում մենք կարողացել ենք փոփոխություններ մտցնել: Այս տարիների ընթացքում ունեցել ենք 700 հազար նվիրատու: Այս թվերը խոսում են այն մասին, որ և՛ նվիրատուներն են ավելանում, և՛ ծրագրերը»,- նշեց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է հիմնադրամի գործունեության նկատմամբ վստահությանը՝ նա նշեց, որ այդ առումով բավական բարձր մակարդակ ունեն. «Այսօրվա ժամանակաշրջանում դժվար է որևէ բան թաքուն պահել, սոցիալական մեդիայի շնորհիվ եթե լինում է ամենաչնչին բողոքը շատ արագ բարձրաձայնվում է: Վերջին 10 տարիներին չեմ հիշում որևէ դեպք, որ մեզ մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերի կամ մրցույթի կանոնները խախտելու մեջ»։
Նշենք, որ այսօրվա նիստում ընդգրկված էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Արա Վարդանյանի վերընտրման հարցը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում այսօր միաձայն վերընտրվեց Արա Վարդանյանը՝ 3 տարի ժամկետով:
Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց ելույթներում դրական գնահատեցին նրա աշխատանքը՝ նշելով, որ իրենց բարձրացրած խնդիրներին Վարդանյանը շատ արագ արձագանքում է և սեղմ ժամկետներում լուծում է տալիս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում