Միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունիի անկարգություններին մասնակցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց մասնակից քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ դիմակավորված, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Նախաքննության ընթացքում նյութեր են ստացվել Էրեբունի վարչական շրջանում նույն օրը նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ, որոնք միացվել են հարուցված քրեական գործին: 5 անձ, որոնցից 2-ը լրագրող, ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Ըստ աղբյուրի, քրեական գործի շրջանակներում մի շարք անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են զենք և ռազմամթերք, փայտե մահակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, ստուգվում է հայտնաբերված զենքերը պահելու թույլտվություն ունենալու հանգամանքը, գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրության մեջ պատկերված և բռնի գործողություններ իրականացնող կոնկրետ անձանց։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների համատեքստում տարածել են նաև արձանագրված անկարգությունների վերաբերյալ լուսանկարները, տեսագրությունները։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան