Առողջապահության նախարար. Ծխելու դեմ օրենքը հաստատ կընդունվի
«Անձամբ մեծապես շահագրգռված եմ, որ այդ օրենքն ընդունվի, ու այն հաստատ կընդունվի»: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևի հետ հանդիպմանը:
«Տուգանքների մասով հասարակական ընկալումը դեռ միանշանակ չէ, ուստի փոփոխություններին պետք է ավելի սահուն անցնել: Օրենքի նախագծում որոշ դրույթներ կվերանայվեն, և այն կուղարկվի խորհրդարան»,-ասել է նախարարը:
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանն անդրադառնալով՝ Եգոր Զայցևը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է օժանդակել և հետազոտել, թե դրանց հետևանքով տարեկան որքան կորուստ է ունենում երկրի համախառն ներքին արդյունքը, և դրանց կանխարգելմամբ որքանով կարելի է տնտեսել այն: Հետազոտությունները կընդգրկեն Հայաստանի բնակչության սննդային սովորույթները, աղի՝ նորմայից ավելի օգտագործման հետևանքները և խոլեստերինի բարձր մակարդակը՝ հատկապես ռիսկային խմբերի մոտ:
Խիստ մտահոգիչ է գնահատվել Հայաստանում տրավմատիզմի հարցը՝ ամենատարբեր պատահարների հետևանքով բնակչության շրջանում վնասվածքների առաջացման խնդիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ, հիմնվելով առկա ռազմավարության վրա, մեկնարկ տալ նոր ծրագրի՝ աշխատելով Կրթության և գիտության նախարարության ու ճանապարհային ոստիկանության հետ՝ կենտրոնանալով հատկապես երեխաներին առնչվող խնդիրներին:
«Վթարների վիճակագրության մեջ կարևոր է սկսել դիտարկել, թե որ դեպքերում են տուժողներն ամրագոտին կապած եղել, որ դեպքերում են երեխաները մեքենայում մանկական աթոռակի մեջ եղել»,-նկատել է առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանն ու Եգոր Զայցևը լուրջ քննարկում են ունեցել նաև Հայաստանում ապահովագրական ծրագրերի ընդլայնման շուրջ: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը խոստացել է աջակցել խորհրդատվությամբ, որպեսզի ապահովագրության բաղադրիչը երկրում ընդլայնվի և առավել սահուն լինի:
Հեպատիտի տարածման կանխարգելման և հիվանդացության վիճակի հետազոտության, անտիբիոտիկների անհարկի կիրառման դեպքերը կրճատելու ուղղությամբ նույնպես համատեղ քայլերի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Ընդգծվել է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց ունի մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը կրճատելու առումով, ինչի մասին վիճակագրությունն է փաստում:
Հարակից հրապարակումներ`
- Արգելված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքի բարձրացում չի լինի. այժմ հստակեցումներ են արվում
- «168 Ժամ». Կհրաժարվե՞ն արդյոք ծխելու դեմ պայքարի համար սահմանված տուգանքներից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա