Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
Հայաստանում պետք է հասնել մի վիճակի, երբ հնարավոր չի լինի ապրել առանց մշակույթի: Մայիսի 25-ին մշակութային գործիչների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ հաճախ է քննադատություն հնչում մշակույթի, մշակութային գործիչների հասցեին, բայց նաև ականատես ենք լինում, որ բեմերում կա բարձր մշակույթ, թանգարաններում՝ արժեքավոր նմուշներ, ստեղծվում է արժեքավոր գրականություն:
«Ի վերջո, ես համոզված եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, այդ ամենը դրանից առաջ երկար տարիներ գուցե լռելյայն ձևակերպվել է մշակույթում՝ երգի, գրականության, թատրոնի, կերպարվեստի մեջ: Այն, ինչ տեղի է ունեցել, մշակութային հեղափոխություն է, որովհետև դրա ամենամեծ հեղինակներին համարում եմ մեր երկրի մշակույթի, արվեստի գործիչներին, ովքեր կարողացել են գործարկել մի մեխանիզմ, որն ի վերջո դարձել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ երբ ասում են, որ խնդիրը երջանիկ և ազատ Հայաստան տեսնելն է, այդտեղ տեսնում են մշակութային գործիչների մեծ դերը, որ գիրքը գտնի կորցրած ընթերցողին, թատրոնը՝ հանդիսատեսին, երաժշտությունը՝ ունկնդրողին: Վարչապետը հայտնեց, որ հանդիպման նպատակն է՝ լսել մշակութային գործիչների տեսակետը, թե կառավարությունը ինչ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի այս խիստ գործնական նպատակի ուղղությամբ: