«Այս պահին չկա անհրաժեշտություն նոր ատոմակայան կառուցելու համար»
Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու են և սկսվելու են լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ: Այս մասին այսօր ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Շրջայցի ժամանակ նախարարը ծանոթացավ ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:
Նշենք, որ արդեն իսկ մեկնարկել են Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները, որի շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Նախատեսվում է իրականացնել տուրբոագրեգատի վերանորոգում և արդիականացում:
Իսկ հունիս 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3-րդ տուրբոագրեագատորը: Նախատեսվում է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի այս տարվա օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատորի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին, իսկ էներգաբլոկի առավելագույն հզորության կհասնի դեկտեմբերի 1-ին:
Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ նախապատրաստական հիմնական աշխատանքները կատարելու են ռուսական կողմից և անհրաժեշտ բոլոր սարքավորումները ներկրված են, դրանք բոլորը գտնվում են ատոմակայանում և մայիսի 31-ի գիշերը ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի, իսկ հունիսի 1-ից արդեն կսկսվի վերանորոգումը:
Նախարարի խոսքով՝ ատոմակայանի շահագործման երկարաձգումը նախատեսում են 10 տարի ժամկետով, որից հետո համապատասխան փորձագիտական, մասնագիտական խորը վերլուծություններ կիրականացվեն և կորոշվի, թե արդյոք անհրաժեշտություն կա նորից երկարաձգել, թե ոչ:
Հարցին, թե արդյոք նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտություն կա և նման հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ եղե՞լ են, Արթուր Գրիգորյանը նշեց, որ նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չկա։
«Մենք չենք քննարկել նմանատիպ հարց վարչապետի հետ, կարճ ժամանակ է, որ կառավարությունը ձևավորված է և ինչքան ինձ զեկուցել են, ինչքան որ ես փոխնախարարների հետ քննարկել եմ, այս պահին չկա անհրաժեշտություն նոր ատոմակայան կառուցելու համար»,- ընդգծեց նախարարը:
Երբ լրագրողները նրան հիշեցրեցին, որ Արթուր Գրիգորյանին նոր պաշտոնում նախարարության աշխատակազմին ներկայացնելիս՝ վարչապետն ասել էր, որ նոր ատոմակայանի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, ի պատասխան նախարարն ասաց.
«Դա խորը մասնագիտական, փորձագիտական վերլուծություններ է պահանջում։ Մենք չենք կարող միանգամից ասել՝ մենք նոր ատոմակայան ենք կառուցելու։ Հայաստանի ներքին շուկայի սպառման համար այսօր ունենք բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ։ Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որևէ քննարկում, որևէ որոշում չկա»։
Դիտարկմանը, թե արդյոք նոր կառավարությունը գտնում է՝ Հայաստանը ֆինանսական առումով հնարավորություն չունի նոր ատոմակայան կառուցել, Արթուր Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքով, այս պահին նոր ատոմակայան կառուցելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, բացի դրանից, դրա անհրաժեշտությունն էլ չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին