Աշոտյանը կառավարությանը հորդորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմնական դրույթները ներառել գալիք ծրագրում
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից, սակայն Հայաստանը շարունակելու է ակնկալել, որ Եվրամիությունը լիարժերք կերպով կվավերացնի այն: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, որպեսզի համաձայնագրում առկա ձևակերպումներն իրավական ուժ ստանան, պետք է ենթարկվեն լիարժեք վավերացման:
«Իմ հորդորն է կառավարությանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմնական դրույթները և ուղղությունները կառավարության գալիք ծրագրում ներառել: Կարծում եմ՝ սա լավ լուծում կարող է լինել, որովհետև ակնհայտ է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները բացի քաղաքական կարևորությունից՝ ունեն նաև տնտեսական ու բարեփոխումային հարթություններ: Կոնկրետ քայլեր են ակնկալվում գերատեսչություններից, յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ունենա իր գործողությունների ծրագիրը»,- նկատեց պատգամավորը:
Արմեն Աշոտյանի խոսքով, անկախ ներքաղաքական տարաձայնություններից՝ խորհրդարանը կարևոր առաքելություն ունի՝ միջազգային հարթակներում ներկայացնել միասնական պետական շահը:
«Խորհրդարանն ունի վերահսկիչ դերակատարություն, այն տարածվելու է նաև համաձայնագրի վրա»,- ասաց նա:
Հարցին՝ մտահոգություն ունի՞, որ նոր կառավարությունը համաձայնագրի իրականացման հետ կապված դժվարություններ ունենա, Աշոտյանը պատասխանեց՝ գոյություն ունի պարտավորությունների կատարման ժամկետ, որից ուշանալը կարող է բացասաբար ազդել ՀՀ միջազգային իմիջի վրա:
Վերջում Արմեն Աշոտյանը շեշտեց, որ նոր կառավարությունը պետք է գործադրի առավելագույն ջանքերը՝ բարեփոխումների համար ԵՄ-ից հնարավոր մեծ դրամական միջոցներ ստանալու հարցում:
«Կարծում եմ՝ թվերը կարող են համադրելի լինել Արևելյան գործընկերության շրջանակներում Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային ժամանակին տրամադրված թվերի հետ: Հայաստանն ավելացնելու տեղ ունի, և սա ամոթ չէ»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան