«Կոռուպցիան, կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայից զերծ հասարակությունը մշակութային երևույթներ են»
Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու մշակութային գործիչների հանդիպմանն անդրադարձավ կիրթ հասարակություն ստեղծելու անհրաժեշտության հարցին։
«Դուք հիմա ասացիք մեր երեխաների կրթության մասին և դահլիճը ծափահարեց, դա մեր ամենացավոտ տեղն է, որ մենք ունենանք կիրթ հասարակություն, մեր մշակույթը հիմա վատ վիճակում չէ, բայց շատ բան ունենք անելու: Զարկ է տրված ժողովրդական երաժշտությանը, դա հրաշալի է, բայց որ դահլիճներն ու պատկերասրահները դատարկ չլինեն, պետք է որ երեխաները մշակույթի հետ առնչվեն առաջին դասարանից»,- ասաց նա։ Կոմպոզիտորը կարևորեց դասական երաժշտության հետ երեխաների հաղորդակցումը, նշեց, որ եվրոպական շատ երկրներում առաջին դասարանից երաժշտության դասեր են տալիս։
Փաշինյանը նշեց, որ դասականը կարևոր է, բայց ժողովրդական երաժշտությունը՝ դասական կանոններով մատուցվող, պակաս կարևոր չէ։ «Ի վերջո, դա մեր ազգային ինքնության հարցն է, երբ ասում եմ՝ դասական, ամբողջության մեջ եմ ընկալում, դա իմ անձնական ընկալումն է, գուցե՝ սխալ. ես դասական երաժշտության մեջ նաև Ջիվանուն, Սայաթ-Նովային նկատի ունեմ: Սա ավելի շատ Կրթության և գիտության նախարարությանն ուղղված հարց է։ Ես համաձայն չեմ հետևյալում՝ սովորելը մշակութային երևույթ է, ընդհանրապես՝ մեր ամբողջ քաղաքական օրակարգը կապված է մշակույթի հետ, որովհետև կոռուպցիան, կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայից զերծ հասարակությունը մշակութային երևույթներ են, բռնությունից զերծ հանրությունը մշակութային երևույթ է»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ «սովորելը լա՞վ բան է, թե՞ ոչ» այս երկու ընկալումները մշակութային և հակամշակութային են, ապա ընդգծեց՝ խնդիրները սկսում են այնտեղից, երբ հանրության մեջ մի հատված կարող է լինել, որ կասի՝ սովորելն ինչիդ է պետք:
Վարչապետի խոսքով՝ երբ բարձրաստիճան պաշտոնյայի թանկարժեք բան են առաջարկում, դա վերցնել-չվերցնելը կրթության, դաստիարակության, մշակույթի հարց է: «Ինչպիսի մշակույթ պետք է ունենալ, որ հանգիստ քնեն՝ իմանալով, որ մայրեր, կանայք աշխատանքից կռացած են տուն գնում այդ գազելնելով, սա մշակութային հարց է, այնպես որ ես չէի տարանջատի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրեց իր նախատիպի հետ
- Հեռուստատեսությունը մարդկանց կրթական ցենզը հետևողականորեն իջեցնում է. ՀՀ վարչապետ
- Օպտիմալացումը թատրոնի հերն անիծում է. Նիկոլայ Ծատուրյան
- Չեմ կարծում, թե կառավարությունը պետք է որոշի՝ արվեստագետը ինչով ու ինչպես պիտի զբաղվի. Նիկոլ Փաշինյան
- Մշակութային օջախները պետք է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար
- Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մշակութային գործիչների հետ