Արցախի հարցի կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները. Զոհրաբ Մնացականյան
«Մեր ներկայիս կարևորագույն նպատակը ներգրավվել բանակցությունների մեջ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։
Անդրադառնալով ԱՄՆ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե առաջիկայում հնարավոր է Արցախի խնդրի կարգավորումը, ՀՀ արտգործնախարարն ասաց, որ բոլորի հույսն է՝ կարգավորումը լինի շատ շուտով. «Բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները և, բնական է՝ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է, առաջին հերթին, մեր շահերի ու նպատակների արտահայտությունը, որի հիմքում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը»։
ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ներկայիս կարևորագույն հարցն է պահպանել բանակցությունների դինամիկան։
Ինչ վերաբերում է իր ու Մամեդյարովի հնարավոր հանդիպմանը՝ Մնացականյանն ասաց, որ հանդիպումը հնարավորության հարց չէ, այլ բանակցությունների էությունն է, բանակցությունների ձևաչափի մեջ տեղավորվող գործընթաց է։
Անդրադառնալով ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, Զոհրաբ Մնացականյանն նշեց, որ արդեն գրանցել են բավականին մեծ առաջընթաց, կարևոր հանգրվանի են հասել։
«Այժմ կարևորությունը տրվում է փաստաթղթի դրույթների իրականացմանը և գիտեք, որ հունիսի մեկից մենք անցնում ենք արդեն ժամանակավոր կիրառման, որն արդեն հնարավորություն է տալիս մեզ սկսել իրագործել, կյանքի կոչել փաստաթուղթը»,- հավելեց նա։