ԱԺ նախագահը՝ շրջանավարտներին. Դո՛ւք եք կառուցելու վաղվա Հայաստանը
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ու Արցախի շրջանավարտներին: ԱԺ լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության մեջ ասված է.
«Հայաստանի և Արցախի սիրելի շրջանավարտներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին Վերջին զանգի ու Վերջին դասի առթիվ:
Այսօր դուք ոտք եք դնում նոր կյանք: Եվ թող այնտեղ ձեզ միշտ ուղեկցեն նպատակներին հասնելու ձգտումը, հաջողությունը, այն համամարդկային արժեքներն ու ճշմարիտ սկզբունքները, որոնցով ձեզ դաստիարակել են ձեր ուսուցիչները: Այսօր նաև նրանց տոնն է: Նրանք են ձեզ ուղեկցել գիտելիքների աշխարհ, ձեզ դաստիարակել որպես մարդ և քաղաքացի: Միշտ պահպանեք ձեր հոգիներում սերմանված բարին ու գեղեցիկը, իսկ դժվարին պահերին ապավինեք նրանց խորհուրդներին ու պատգամներին:
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր բոլորը շնորհավորում են ձեզ՝ մաղթելով բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ: Դրանցում խտացված են այն հույսերը, որոնք մենք կապում ենք ձեզ և ապագայի հետ: Դո՛ւք եք կառուցելու վաղվա Հայաստանը և կերտելու ազատ ու ժողովրդավար հասարակություն: Դո՛ւք եք հզորացնելու մեր բանակը, զարգացնելու հայ մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը, ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում:
Բոլորիդ մաղթում եմ մասնագիտության ճիշտ ընտրություն, գիտելիքները հարստացնելու հետևողական ձգտում, առողջություն, երջանկություն և ամենայն լավն ու բարին: Թող իրականան ձեր բոլոր հույսերն ու երազանքները, ապագայի բոլոր ծրագրերը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում