Իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը. Արթուր Գրիգորյան
Իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը։ Այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե իրանական գազը ռուսական գազի այլընտրանք դիտարկու՞մ է, թե ոչ։
«Վերջին տվյալներով, իրանական գազը սահմանի վրա 1000 խմ դիմաց առաջարկվել է 165 դոլար, իսկ ռուսական գազը՝ 150 դոլարով է, դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կան 27-28 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը: Իհարկե դա մեզ չի ստիպում, որ մենք քարացած նստենք ու չշարունակենք բանակցությունները: Դրանք մշտապես լինելու են, մենք փորձելու ենք էժան գազի այլ աղբյուրներ փնտրել»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ է ռուսական գազը սահմանին 150 դոլար, իսկ բնակարաններում մարդիկ ավելի շատ են վճարում, նախարարը նշեց, որ այս պահին ինքն այդ հարցի պատասխանը չի կարող տալ և առաջարկեց դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում