Նիկոլ Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունն ունի հաջողություններ
«Մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որևէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Նրա խոսքով, Հայաստանի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանություն ձևավորելու իրավունքի անձեռնմխելիությունը:
«Կարծում եմ, որ մեր երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին և ամեն անգամ ընտրությունների արդյունքներով իրեն խաբված է զգացել»,-ասել է նա:
Շարունակելով ելույթը, Փաշինյանը նշել է, որ կառավարության համար հաջորդ կարևոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ, սկսած ընտրական կոռուպցիայից և շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով:
«Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ունի հաջողություններ: Այդ գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս համոզվենք, որ կոռուպցիան որպես համակարգային երևույթ արմատախիլ ենք արել Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է կառավարության ղեկավարը:
Փաշինյանն ընդգծել է, որ ամենակարևոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը Հայաստանի Հանրապետության, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձևակերպումն է:
«1991 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը և թվում էր, թե ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ՝ մենք թույլ տվեցինք մի կարևոր հայեցակարգային բացթողում: Մենք հստակ չձևակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը Սահմանադրության բոլոր փոփոխությունների արդյունքում որևէ փոփոխություն չի կրել: Այսինքն, Սահմանադրության նախաբանը մնացել է նույնը, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության շահառուն հայ ժողովուրդն է, և մենք պետք է պատասխանենք մի կարևոր հարցի՝ ինչի համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետևյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգևոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը»,-իր ելույթում ասել է վարչապետը:
Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում