«Հեռուստամարաթոն-2018»-ի ծրագրում կրկին կներառվեն Արցախում խորքային հորերի, ոռոգման ցանցի և արևային էներգիայի նախագծերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին իր ելույթում առաջարկել է «Հեռուստամարաթոն-2018»-ի ծրագրում կրկին ներառել խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ իրականացվել է մեծ աշխատանք, և շարունակելով այդ ծրագիրը կունենանք շոշափելի տնտեսական արդյունք:
Առաջարկն ընդունվեց և ընդգրկվեց 2018 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում: «Խորքային հորերի հորատման համար ընտրվել են մակերևույթային ջրերով անհասանելի տարածքներ: Մեկ տարվա ընթացքում իրականացվել է մեծ աշխատանք: Ասկերանի, Մարտունու շրջանում նոր խորքային հորեր են շահագործման հանձնվել մի քանի համայնքներում: Ընդհանուր առմամբ Ասկերանի շրջանում ոռոգման ջրով ապահովվել է 50 հա հողատարածք, Մարտունու շրջանում 126 հա: Ներկայում Արցախում փաստացի ոռոգվում է 1550 հա այգի, որից 520 հա-ը խաղողի, 850 հա-ը՝ նռան, մնացածն այլ պտղատեսակի: Հորատվող 37 խորքային հորերի միջոցով նախատեսվում է ոռոգելի դարձնել լրացուցիչ 900 հա տարածք»,- մանրամասներ ներկայացրեց Արցաի նախագահը։
Նա նշեց, որ նախատեսվում է խորքային հորերի ջրային պաշարներն օգտագործել ամբողջությամբ կաթիլային համակարգերով ոռոգման համար:
Անդրադառնալով արևային էներգիայի համակարգի ներդրման աշխատանքներին՝ Բակո Սահակյանը տեղեկացրեց, որ Շուշիի շրջանում Քարին տակ գյուղում բոլոր տների տանիքներին տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ:
«Նման համակարգեր են տեղադրվում Շուշիի և Ասկերանի քաղաքների հիվանդանոցներում, Ասկերանի շրջանի 9 մանկապարտեզում և մեկ համայնքային կենտրոնում: Մոտ մեկ ու կես ամսից կմեկնարկի արևային էներգիայից հոսանք ստանալու համակարգի տեղադրման գործընթացը Ասկերանի Շուշի շրջաններում: Նախատեսվում է նման համակարգերի տեղադրում Արցախի ամբողջ տարածքում: Հաշվի առնելով այն հանագամանքը այս աշխատանքները շարունակվում են, առաջարկում եմ 2018 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում կրկին ներառել խորքային հորերի հորատման ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը»,- ներկայացրեց ԱՀ նախագահը։