Կառավարությունը չի ձախողելու, բայց եթե անգամ ձախողի, դա լինելու է ՀՀ ձախողումը. Մարուքյան
«Ելք» խմբակցության պատգամավորները ՀՀ վարչապետին ներկայացրել են Ընտրական օրենսգրքի հետ կապված նախնական մոտեցումները: ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Առաջինը, պետք է հանվի ռեյտինգային ընտրակարգը, երկրորդ, ընտրողների ցուցակների հարցն է, որ պետք է մաքրել, երրորդը ընտրողների իդենտիֆիկացման հարցն է: Պետք է անդրադառնալ նաև կուսակցությունների մասին օրենքին: Հայաստանում կուսակցության ֆինանսավորումը չպետք է լինի ստվերային, չպետք է լինի տաբու: Բոլորը պետք է իմանան՝ ով որտեղից է ֆինանսական աջակցություն ստանում»,- ասաց նա:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանական ժամկետներին՝ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ պետք է քաղաքական լայն բանակցությունների միջոցով հասնել մեխանիզմի՝ ցրելու գործող խորհրդարանը: Այն է, պետք է լայն կոնսոլիդացիա՝ հարցը լուծելու համար: Ըստ պատգամավորի՝ եթե բոլոր պայմանները կատարվեն, աշնանն արտահերթ ընտրություններն անցկացնելը լիովին իրատեսական է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արմեն Աշոտյանի և Միհրան Պողոսյանի՝ քաղաքական հետապնդումների և վենդետաների մասին հայտարարություններին՝ «Ելք»-ի պատգամավորը շեշտեց, որ ինքը պատրաստ է պաշտպանել առաջին քաղաքական հետապնդվողին, սակայն չի կարծում, որ ՀՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Աշոտյանին որևէ բան չի խանգարում՝ հավաքել բավարար թվով ստորագրություններ և դիմել դատարան, վերջապես նա կարող է դիմել իրավապաշտպան տարբեր կառույցների: Եթե վենդետաներ լինեն, նրանք օրենքով սահմանված կարգով կարող են դրան ընթացք տալ: Եթե մարդը որևէ բան չի արել, պատասխանատվության չի ենթարկվի, եթե արել է՝ պատասխանատվությունը անխուսափելի կլինի»,- նշեց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիային՝ պատգամավորն ասաց, որ չի կարող հերքել կամ հաստատել, որ նման հուշագիր կլինի:
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ նոր կառավարությունը չի ձախողելու, բայց եթե անգամ ձախողի, դա լինելու է ՀՀ ձախողումը: Ավելին, կոալիցիոն հուշագրի կնքման դեպքում պատասխանատվության բեռն ավելի է մեծանալու:
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին նաև «Ելք» խմբակցության ղեկավարի նշանակման հարցով: Վերջինս նշեց, որ խմբակցության ղեկավարի հարց դեռևս չի քննարկվել, որոշում կկայացվի, հավանաբար, հաջորդ շաբաթ, երբ հայտնի պատճառներով աշխատանքից բացակայող Արամ Սարգսյանը կարողանա մասնակցել այդ թեմայով քննարկումներին: Իսկ թե ում է անձնապես տեսնում այդ պաշտոնում, Մարուքյանն ասաց, որ քննարկվում է նաև իր թեկնածությունը, նորմալ է վերաբերում նաև Լենա Նազարյանի թեկնածությանը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերում Արտակ Դավթյանի՝ ԶՈՒ գլխավորի շտաբի պետի նշանակմանը, մանավանդ Արթուր Աղաբեկյանի կողմից հնչած դժգոհություններին: Մարուքյանը նախ նշեց, որ իրեն զինվորական գործի գիտակ չի համարում, սակայն կարծում է, որ Աղաբեկյանն իր մտահոգությունը ՀՀ վարչապետին կարող էր փոխանցել այլ խողովակներով, ոչ թե հրապարակայնորեն:
«Նա կարող էր հանդիպել Փաշինյանի հետ կամ դիմել գաղտնի նամակով: Կարծում եմ՝ սխալ է մասին այսպես հրապարակայնորեն արտահայտվել»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան