ՀԱԷԿ-ի վերանորոգումն ազդեցություն չի ունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա. նախարար
ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի ռեակտորի և թիվ 3 տուրբոագրեգատի երկամսյա վերանորոգումը հանրապետությունում անխափան էլեկտրամատակարարման հետ կապված որևէ խնդիր չի առաջացնի: Այս մասին այսօր ՀԱԷԿ-ում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Նախարարը նաև նշեց, որ ՀԱԷԿ-ի վերանորոգումն ազդեցություն չի ունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա: «Միանշանակ սակագնի վրա չի ազդելու, կանգնեցվելուն զուգահեռ ունենք համապատասխան գրաֆիկ, թե ինչ ռեժիմով ենք էներգամատակարարումն ապահովելու: Աշխատելու են Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, Երևանի ՋԷԿ-ը, և որևէ խնդիր չենք ունենա անխափան էներգամատակարարման համար»,- նշեց Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հունիս 1-ից կկանգնեցվեն ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը և թիվ 3-րդ տուրբոագրեագատորը: Նախատեսվում է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի այս տարվա օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատորի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին, իսկ էներգաբլոկի առավելագույն հզորության կհասնի դեկտեմբերի 1-ին: