ՀՀԿ-ն պատրաստվում է 2022 թվականի ընտրություններին. Վահրամ Բաղդասարյան
Ընտրական օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով, տարբեր խողովակներով քննարկումներ են եղել: Դրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ, դրանց արդյունքները բոլորին բավարարել են, միջազգային կառույցների կողմից դիտողություններ եղել են մասնակիորեն: Այնպես որ, ՀՀԿ-ն նոր ԸՕ-ի վերաբերյալ առաջարկություններ չունի: ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսօր այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ միաժամանակ հավելելով, որ պատրաստ են այս թեմայով քննարկումներին:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային՝ պատգամավորը շրջանցեց լրագրողների հարցը՝ հնարավոր համարո՞ւմ է, որ դրանք տեղի ունենան այս տարվա աշնանը: Միայն շեշտեց, որ ՀՀԿ-ն պատրաստում է 2022 թվականի ընտրություններին:
Ինչ վերաբերում է կառավարության հետ փոխգործակցությանը, Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ խոչընդոտ չեն հանդիսանալու գործադիրին. «Մենք պետք է աջակցենք այն ծրագրերին, որոնք միտված կլինեն մեր երկրի ապագային ու անվտանգությանը: Մենք կողջունենք կառավարության ծրագիրը, մանավանդ՝ այն բավական խոստումնալից է: ԱԺ-ում մենք ենք իշխանությունը, բայց ընդառաջելու ենք մեր կառավարությանը»:
ՀՀԿ-ական գործիչը ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնել նոր ձևավորված կառավարության անդամների հասցեին, միայն նշեց, որ լավատեսորեն կսպասեն նորանշանակ նախարարների՝ առաջին 100 օրվա աշխատանքներին:
Լրագրողները քաղաքական գործչից հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերում Արտակ Դավթյանի՝ ԶՈՒ գլխավորի շտաբի պետի նշանակմանը և այս հարցով գեներալ Արթուր Աղաբեկյանի կողմից հնչած դժգոհություններին: Բաղդասարյանը նշեց, որ ինքն իրավունք չունի որևէ գնահատական հնչեցնել նորանշանակ պաշտոնյայի հասցեին, միայն ասաց, որ Արտակ Դավթյանն այդ պաշտոնում շատ զգոն լինի:
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից կոռուպցիոն բացահայտումներին՝ ՀՀԿ-ական խմբակցության ղեկավարը նշեց, որ ծառայության տնօրենը հայտարարությունների հարցում շտապում է: Արդյո՞ք սա նշանակում է, որ նրա հայտարարություններն արժանահավատ չեն, ճշտեցին լրագրողները: Բաղդասարյանն ասաց, որ ԱԱԾ տնօրենի ոչ մի հայտարարություն չի մեկնաբանում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի այն հայտարարությանը, որ ի դեմս իր օգնականի ձերբակալման՝ նոր իշխանությունը վենդետա է իրականացնում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց առանձին գործիչների գնահատականները չնույնացնել քաղաքական ուժի գնահատականների հետ: «Ես դեռևս ձեռնպահ եմ մնում գնահատականներ հնչեցնել, ուղղակի ուշադիր հետևում եմ»,- ամփոփեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին