Չեմ կարծում, թե կառավարությունը պետք է որոշի՝ արվեստագետը ինչով ու ինչպես պիտի զբաղվի. Նիկոլ Փաշինյան
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշեց, որ գործնական նպատակների համար այս ձևաչափն այնքան էլ հարմար չէ, ամեն ասպարեզ պետք է հնարավորություն ունենա իր խնդիրները ներկայացնել:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց՝ մշակութային քաղաքականության տարբեր մոդելներ կան աշխարհում, և ինքն այդպես էլ չի հասկացել՝ մեր երկրում որ մոդելով են առաջնորդվում: Նա առաջարկեց ստեղծել մի հարթակ և տարբեր տեսլականներ ունեցողներին հրավիրել դիսկուրսի՝ մեկ միասնական տեսլական ունենալու համար:
Նա նաև ընդգծեց՝ կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանման և արդիականության խնդիրները: Ավետիսյանը հիշեցրեց՝ ժամանակին կար Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կոմիտե, և հուշարձանների պահպանության, հանրահռչակման գործը Հայաստանում բարձր կարգավիճակ ուներ և լուրջ արդյունքներ գրանցեց, այնուհետև խնդիրներ եղան: Նա նշեց, որ ճիշտ կլիներ կրկին հրավիրել մասնագետներին, նման կառույց ստեղծել, որն այդ կոմիտեի գործառույթները կատարի:
Փաշինյանն արձագանքեց՝ իրենք չեն կարծում, թե կառավարությունը պետք է որոշի՝ արվեստագետը ինչով ու ինչպես զբաղվի, իրենց խնդիրն է, որ մշակույթի հետ հաղորդակցությունը դառնա նույնքան սովորական, ինչքան սովորական այլ երևույթներ: Նա տեղեկացրեց, որ մշակույթի նախարարությունում կա համապատասխան գործառույթն ունեցող գործակալություն, որի հետ պատգամավոր եղած տարիներին շփվելու առիթներ ունեցել է, համոզվել, որ այնտեղ բարեխիղճ մարդիկ են և բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը:
Փաշինյանն ընդգծեց՝ այդ գործակալության անգործության վերաբերյալ բարձրաձայնումներն անտեղի էին, քանի որ համոզված է՝ նրանք գործը հանձնել էին այն մարմիններին, ովքեր պետք է զբաղվեին, բայց այդ մարմիններն անգործության են մատնված: «Պարզ ասած՝ եթե գործակալությունը ցանկանում է պահպանել, կառավարությունը՝ ոչ, նա չէր կարող ստիպել Կառավարությանը: ՀՀ-ում այլևս ոչ մի մշակութային հուշարձան չի ոչնչացվի, չի վնասվի, և եթե միջամտություն կատարվի, միայն նրա պահպանության նպատակով»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով մշակութային քաղաքականությանը՝ վարչապետը նշեց, որ Կառավարության տեսլականը հենց այն է, ինչ ասաց. իրենց խնդիրն է ապահովել քաղաքացու և մշակույթի մշտական հաղորդակցությունը, և սա կառավարության ռազմավարական մոտեցումն է:
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ յուրաքանչյուր դպրոցական երեխա տարին մեկ-երկու անգամ անպայման պետք է թատրոն հաճախի, բոլորն՝ առանց բացառության, մեկ անգամ դասական երաժշտության համերգ, մեկ անգամ ցուցահանդես այցելի:
Հարակից հրապարակումներ`
- Մշակութային օջախները պետք է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար
- Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մշակութային գործիչների հետ