Լծեն. Չորս աշակերտի հրաժեշտ
Այսօր վերջին դաս էր նաև Սյունիքի մարզի Լծեն գյուղի հիմնական դպրոցում: Չորս աշակերտներից մեկի` Շուշան Ամիրյանի համար այն վերջինն էր իր դպրոցում:
Vorotan.am-ում կարդում ենք. «Դպրոցի գեղեցիկ շենքի բակը մարդաշատ չէր, աղմուկ-աղաղակ, ուրախ բացականչություններ չկային, չկար խանդավառ եռուզեռը: Մի տեսակ տխրություն կար, որ ոչ մի բառով չես ասի, մի տեսակ` ցավ կար, որ ոչ մի կերպ չես փարատի: Ու վերջին դասի վերջին զանգը հաստատ այնպես զվարթ ու խնդուն չէր հնչում այս դպրոցում, ինչպես որ հնչում է մեծ ու աշակերտաշատ դպրոցներում… Սակայն զրնգոցը նույնն է, հույզը` նույնը, բարեմաղթանքի ու շնորհավորանքի խոսքերը` նույնը, երազանքները, սպասումները, ականկալիքները` նույնը:
Դպրոցի տնօրեն Կարապետ Ամիրյանը շնորհավորեց վերջին դասի կապակցությամբ, ուսման մեջ ձեռք բերած հաջողությունների համար գովասանագիր հանձնեց Շուշանին, ով ուսումը կշարունակի Սիսիանի ավագ դպրոցում, բարին մաղթեց մյուս աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին… Ապա նշեց, որ երկար տարիներ առաջին դասարանցի չունենալու պարագայում, նոր ուսումնական տարում կունենան մեկ առաջին դասարանցի, ու դպրոցը կշարունակի սերունդ կրթելու, գյուղն ապրեցնելու, վաղվա օրվա հույսը վառ պահելու իր առաքելությունը:
Ես, որ սրտի անասելի ցավով եմ գրել իմ ծննդավայր Լծենի փակվող դռների, տների փլվող պատերի, խոտակալող արահետների, ոտնահետք չտեսած կածանների, տարիներով բոցի կարոտ թոնիրների ճաքած շուրթերի մասին, որ անասելի սիրով եմ գրել իմ ծննդավայր Լծենի չքնաղ բնաշխարհի ու աշխատասեր, հողը և երկիրը սիրող մարդկանց մասին, թաքուն, թաքուն հույս փայփայեցի, որ թավշյա հեղափոխության բերած սերն ու ջերմությունը կամաց-կամաց կհասնեն նաև հեռավոր, մոռացված, լքված, իրենց հոգսերի մեջ միայնակ մնացած լեռնային գյուղեր, որ գյուղս կամաց-կամաց կհավաքի իր ցորյանի հատիկները, որ սփռված են ամենուր, ու Լծենի դպրոցի վերջին դասի վերջին զանգերն էլ կղողանջեն զվարթ, ավետաբեր ու հուսշատ… Թաքուն, թաքուն երազեցի, որ մի գեղեցիկ օր էլ Լծենի դպրոցի վերջին զանգերին պաշտոնյաներ այցելեն, որ գյուղը, երկրի, հողի և ազգի հենարան գյուղը, իրեն դուրս չզգա աշխարհի պտույտից և թավշյա սիրուց…
Երազանքս պահ եմ տվել դպրոցի բակի ծիրանենուն… Անասելի համբերությամբ ու սիրով սպասում եմ բողբոջելուն…»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները