Հայաստանում ստեղծվում է հնէաբուսաբանական թանգարան
Բուսաբանական թանգարանում ստեղծվում է տարածաշրջանում նմանը չունեցող հնէաբուսաբանական թանգարան, որի բացումը կլինի մոտ մեկ ամսից: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանը:
Նա տեղեկացրեց, որ այգին ուներ հավաքածու,որը ներառում է միլիոնավոր տարիների հնության քսան հազարից ավելի նմուշներ, որոնք արժեքավոր են, պահուստային ֆոնդում են գտնվում: Այգու պահեստային աշխատողը նախաձեռնել է, որ բացվի թանգարան բոլորի համար, այսինքն՝ ցանկացած անհատ, որ հետաքրքրված է բնության պատմությամբ, կարողանա գալ, հիանալ այդ տարածքով: Վարդանյանն ասաց՝ կան նմուշներ, որ բերված են դրսից, ցույց են տալիս՝ մի քանի միլիոն տարի առաջ ինչ բույսեր են աճել:
Այգու գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան հայտնեց՝ ներկայացվելիք նմուշները քարեր են, որոնց վրա դաջվել են բույսերի տերևները, բողբոջները, երբեմն դրանց վրա լինում է ծաղիկը կամ բույսի մի մասը, և դրանք համեմատելով այսօրվա բուսականության հետ՝ կարելի է հասկանալ այդ տարբերությունը, թե այն ինչպես է փոխվել: Այդպիսի նմուշներ բացահայտվում են, օրինակ, սարի գագաթին որոշակի հատվածներում: