«Երկար տարիներ մեր երկրում մեներգիչների, մեներգչուհիների մենաշնորհ է եղել»
Օպերային երգչուհի Անի Պիվազյանը մայիսի 25-ին մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ասաց՝ քաջ գիտակցում է, որ այս ամենից հետո հնարավոր է իր դեմ բոլոր ճանապարհները փակվեն, բայց դանակը ոսկորին է հասել։
«Ինչպես բանանի մենաշնորհ է եղել, այնպես էլ երկար տարիներ մեր երկրում մեներգիչների, մեներգչուհիների մենաշնորհ է եղել, մենք հնարավորություն չենք ունեցել մեզ ներկայացնել։ Ես Եվրոպայում միջազգային մրցույթի դափնեկիր եմ դարձել, այսօր մեր թատրոնում դրվում է նույն ներկայացումը։ Ավստրիայում 230 հոգուց ես եմ ընտրվել, երգել եմ գլխավոր դերում, այստեղ մասնակցեցի մրցույթի, բարձր գնահատականի արժանացա Օրբելյանի կողմից: Հենց ուզեցի արդեն գնալ ներկայացման փորձերին, պարզվեց՝ իմ անունն ընդհանրապես չկա ցուցակում»,- ասաց նա։
Պիվազյանը նշեց՝ իր համար զարմանալի է, որ Ավստրիայում 230 հոգուց իրեն են այդ պատվին արժանացրել, հորդորեց վերահսկել այդ ոլորտը, որ այնտեղ էլ մրցակցային դաշտ ստեղծվի։
Փաշինյանն արձագանքեց. «Ես Ձեր փոխարեն ուղղակի մի կտոր կերգեի», երիտասարդ երգչուհին ընդառաջեց վարչապետի արձագանքին՝ իր երգացանկից մի հատված ներկայացնելով։
Վարչապետը հետաքրքրվեց՝ ումից է կախված այս հարցի լուծումը, լսելով, որ որոշողը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն է, նա պատասխանեց. «Ես շատ հարգում եմ պարոն Օրբեկյանին, կարծում եմ՝ նա կկայացնի մաքսիմալ արդար որոշումներ»։
Հանդիպման վերջում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոստացավ՝ թեմատիկ հանդիպումները կշարունակվեն, ու թեպետ այս հանդիպման ժամանակ հնչեցված հարցերին բոլորին միաժամանակ անդրադառնալ հնարավոր չի լինի, բայց քայլ քայլ կանդրադառնան։
«Եթե հետաքրքիր է, մեկ ամսից հանդիպումը կրկնենք, բայց արդեն ներկայացնելիք ունենանք, թե ինչ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել, որ այս խոսակցությունը գործնական շարունակություն ունենա»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Կոռուպցիան, կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայից զերծ հասարակությունը մշակութային երևույթներ են»
- Միքայել Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրեց իր նախատիպի հետ
- Հեռուստատեսությունը մարդկանց կրթական ցենզը հետևողականորեն իջեցնում է. ՀՀ վարչապետ
- Օպտիմալացումը թատրոնի հերն անիծում է. Նիկոլայ Ծատուրյան
- Չեմ կարծում, թե կառավարությունը պետք է որոշի՝ արվեստագետը ինչով ու ինչպես պիտի զբաղվի. Նիկոլ Փաշինյան
- Մշակութային օջախները պետք է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար
- Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մշակութային գործիչների հետ