Կենդանաբանական այգին բացել է իր դռներն այցելուների առաջ
Այսօր տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումը: Միջոցառմանը մասնակցել է երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ:
Երևանցիների սիրված հանգստի գոտին այցելուներին այս տարի դիմավորում է բոլորովին նոր, հարմարավետ ու ժամանակակից պայմաններով և հնարավորություններով:
Պատասխանատուները նշել են, որ ծրագրի երկրորդ փուլի շրջանակում այսօր արդեն այգում գերիշխում են մեծ և ընդարձակ ազատավանդակները՝ կենդանիների համար ապահովելով առավել բնական միջավայր:
Քաղաքապետարանից հայտնում են, որ 2016-2018 թվականներին իրականացված աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել գայլերի և արջերի 2 անցուղիներով նոր ազատավանդակը՝ 5550 քմ ընդհանուր տարածքով, ինչը 5 անգամ ավել է, քան նախկինում զբաղեցրած մակերեսը:
Կառուցվել է նաև 2 դիտահարթակ, որտեղ կարող են տեղավորվել միաժամանակ շուրջ 30 այցելու: Ծրագրի շրջանակում կառուցվել է նաև առյուծների նոր ազատավանդակը՝ 2950 քմ մակերեսով, որից 400 քմ-ը որպես կենդանիների ձմեռային կացարան: Այստեղ ևս կառուցվել է 2 դիտահարթակ, որտեղ կարող են տեղավորվել միաժամանակ շուրջ 80 այցելու: Կենդանաբանական այգում ստեղծվել է նաև 1200 քմ մակերեսով կենդանիների հետ անմիջական շփման գոտի: Բացի այդ, կառուցվել է նաև կենդանիների կարանտին, որը խիստ անհրաժեշտ էր այգու բնականոն գործունեության համար: Պատասխանատուները նաև նշել են, որ ծրագրի շրջանակում այգու գլխավոր ճանապարհի ձախակողմյան հատվածում, քայքայված շինությունների փոխարեն, կառուցվել են նոր ազատավանդակներ, իրականացվել բարեկարգման, ասֆալտապատման, կանաչապատման լայնածավալ աշխատանքներ։
«Կենդանաբանական այգին մենք համարում ենք Երևանի այցեքարտերից մեկը և այն ծրագիրը, որը նախաձեռնեցինք ու այս տարիների ընթացքում հաջողությամբ կյանքի կոչեցինք, ուներ մեկ նպատակ. հանգստի այս գոտին դարձնել հարմարավետ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Արդեն վստահաբար կարող ենք նաև ասել, որ Երևանի կենդանաբանական այգին, որը ժամանակակից լուծումներով և այցելուների սպասարկման ու կենդանիների պահպանման չափանիշներով համապատասխանում է միջազգային նորմերին, դառնում է իսկապես տարածաշրջանային առաջատար կենտրոն, որը տարվա բոլոր սեզոններին անընդմեջ կընդունի այցելուների: Հաջողված հերթական մեր այս ծրագիրը ևս մենք նվիրում ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակին», - նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է մեկնարկել ծրագրի երրորդ փուլը, որով էլ, ըստ էության, ամբողջությամբ կավարտվեն այգու վերակառուցման աշխատանքները:
«Մեր առջև խնդիր ենք դրել նաև այգին հարստացնել նոր կենդանիներով, որպեսզի կարողանանք ավելի շատ կենդանատեսակներ ներկայացնել այցելուներին: Հույս ունեմ, որ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներն ու կազմակերպությունները այսուհետ մայրաքաղաք այցելող հյուրերին կուղեկցեն նաև Երևանի կենդանաբանական այգի», - նշել է Տարոն Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար
- Երկու տարեկան արջը Գյումրու ռեստորանից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
- Կենդանաբանական այգում բացվել է մանկական ինտերակտիվ խաղահրապարակ-այգի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի