Իշխանափոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում պետք է վերբեռնում կատարել. վրացագետ
Իշխանափոխությունից հետո վերբեռնում պետք է կատարել նաև հայ-վրացական հարաբերություններում: Այս առումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող այցը Վրաստան, շատ կարևոր է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, վրացագետ Վահե Սարգսյանը:
«Բոլորը սպասումների մեջ են, այդ թվում՝ հայկական շրջանակները: Բոլորը սպասում են, որ հայ-վրացական հարաբերությունները կենացների մակարդակից վերջապես վերաճեն իրապես սերտ կապերի»,- ասաց նա:
«Նիկոլ Փաշինյանի թիմի համար լավ հնարավորություններ են ստեղծվում: Վրաստանում նրան ընկալում են որպես համաժողովրդական առաջնորդի, նրա իշխանությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: ՀՀ նախորդ իշխանությունների նկատմամբ Վրաստանում այսպիսի ընկալում չկար: Հայաստանյան նախկին իշխանությունները Վրաստանի կողմից ընկալվում էին որպես խորհրդային արժեհամակարգով առաջնորդող իշխանություն»,- ասաց նա:
Վահե Սարգսյանի խոսքով, կարևոր է, որ հայ-վրացական հարաբերություններում Նիկոլ Փաշինյանը կարողանա հասնել նրան, որ տարանցիկ ճանապարհները չշրջանցեն Հայաստանին:
Անդրադառնալով ջավախահայության խնդիրներին՝ բանախոսը կարևորեց հատկապես դեպի Ջավախք հայատառ գրքերի անցկացման խիստ արգելքը: Նա հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա այցի ընթացքում վրացական իշխանությունների մոտ կբարձրացնի այս հարցը:
«ԱԳՆ-ի մասով քայլերն անբավարար էին: Բավական արդյունավետ քայլեր ձեռնարկում էր Սփյուռքի նախարարությունը, սակայն դրանք վերջնական հաջողության չէին հասնում հայ-վրացական հարաբերությունների համակարգային բացերի պատճառով»,- ամփոփեց Վահե Սարգսյանը: