Հայաստանի ու Վրաստանի նախագահները մտադիր են երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակեպս նոր մակարդակի
Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահը Թբիլիսի է մեկնել տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ:
Հարևան երկրի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը նախ առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նաև ասել է, որ մայիսի 28-ին Հայաստանը ևս կնշի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության Նախագահը և վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ փաստել են երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները, և նշել, որ հպարտ են ընդհանուր պատմությամբ, որի ընթացքում սովորել են միմյանցից և այսօր ուրախ են միմյանց հաջողություններով։
Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, առկա ներուժի առավելագույնս օգտագործումը։ Նրանց համոզմամբ, հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Հատկապես կարևորվել է ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։
Վրաստանի վարչապետը, գոհունակությամբ արձանագրելով իրավիճակի քաղաքակիրթ և խաղաղ հանգուցալուծումը, կարևորել է Նախագահ Սարգսյանի դերն ու ջանքերն այդ գործընթացներում և նշել, որ շահագրգիռ են հարևան երկրի կայունությամբ։ Հանրապետության Նախագահն իր հերթին ասել է, որ համատեղ բոլոր ծրագրերը ոչ միայն շարունակվելու են, այլև՝ ընդլայնվելու։ «Մենք հետաքրքրված ենք լավագույնս օգտագործելու տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ողջ ներուժը»,-շեշտել է նա։
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը ևս կնշի Արաջին Հանրապետության 100-ամյակը
Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական և գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։
«Ավանդական բարեկամության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախա¬դրյալ¬ներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար»,-ասել է Հայաստանի ղեկավարը։
Երկու երկրների նախագահները խոսել են նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի:
Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի Նախագահը հրավիրել է իր վրաց գործընկերոջն՝ այցելել Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին