Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Նախագահի հետ
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թեւակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։
Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:
Ֆինլանդիայի Նախագահն ասել է, որ ուշի-ուշով հետեւել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ուրախ են իրավիճակի քաղաքակիրթ ու խաղաղ հանգուցալուծմամբ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ու Վրաստանի նախագահները մտադիր են երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակեպս նոր մակարդակի
- Արմեն Սարգսյանն այսօր կմեկնի Թբիլիսի