Գնահատականներ վարչապետի ու մշակութային գործիչների հանդիպմանը
Վարչապետի հետ մշակութային գործիչների երեկ կայացած հանդիպմանը հաջորդած արձագանքները մեղմ ասած դրական չեն: Հանդիպման ձևաչափն էլ սպառված են համարում:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, գնահատելով հանդիպումը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
«Ոչ մի գլոբալ մշակութային դրսևորում, ոչ մի խորքային մշակութային դիսկուրս, ոչ մի համակարգային մշակութային հարցադրում, ոչ մի առանցքային մշակութային խոսակցություն, ՈՉ ՄԻ ...
Ինչպես միշտ՝ անհուն սեր առ առաջին դեմքը, գորովալից, նվաղուն, սիրատոչոր հայացքներ, պաթոս, հաճոյախոսություններ, նրա հայացքին արժանանալու տանջալից սպասումներ, չընդհատվող գովք, բուռն, երկարատև ծափահարություններ, սեփական անձի համեստ գերարժևորումներ, առանձին հանդիպումների աղերսանքներ, շնորհակալություններ, այս պարագայում՝ նաև շնորհավորանքներ, շնորհավորանքներ, շնորհավորանքներ...
Նաև` ուրացում և ոչ մի երախտիքի խոսք՝ առ նախորդները, նրանցից ստացած հոգևոր, նյութական, իրաբնամթերային հզոր օժանդակության համար: Ի՞նչ իմաստ ունի` նախորդ են այլևս...
Ու ընդամենը մի քանի երևելի մարդիկ՝ լուռ նստած վերջին շարքերում, մտահոգ՝ անհիշելի թվացող ժամանակներից...
Եվ մենք ունենք այն, ինչ ունենք...»:
Հայտնի դերասան Լևոն Շարաֆյանն ի պատասխան արձագանքում է. «Այս կառավարությանն էլ արվեստ պետք չէ: Նորաթուխ հապճեպ Մշակույթի նախարար նշանակելը ինձ համար արդեն տագնապ է»:
ԱԺ պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում համաձայնել է այն կարծիքին, որ
որ նման հանդիպումները սովորաբար երեք հիմնական լեյտմոտիվ ունեն:
«Առաջին` քծնանքը, երկրորդ` սեփական նախագծերի համար գումար ուզելը և երրորդ` այլոց վրա գործ տալը: Երբ ես դեռ լրագրող էի, մի տևական հատված ուսումնասիրել եմ հայ մտավորականության մի հատվածի մատնագրերն ու քծնախառն ուղերձներն առ օրվա իշխանությունը: Փաստորեն, մեկ դար անց ևս ոչինչ չի փոխվում: Ներողություն եմ խնդրում իրական մտավորականներից, որոնց մեծ մասին ես չտեսա երեկվա քննարկմանը: Իհարկե, մեկ-երկու լուրջ հարցադրումներ երեկ, այնուամենայնիվ, հնչեցին»,-գրում է Զոհրաբյանը:
Լրագրող Վահագն Թևոսյանն էլ մասնավորապես գրում է. «Վարչապետի ու մշակութային գործիչների երեկվա հանդիպմանը ես մշակութային գործիչներ գրեթե չտեսա: Փոխարենը տեսա բազում մենեջերների, որոնք մշակույթի կապիտալիզացիայի արդյունքներից էնքան էլ գոհ չեն: Այլ կերպ ասած՝ կոշիկ են կարել, մնացել ա պահեստում, կամ պահեստ չունեն: Բայց ի տարբերություն իսկական կոշկակարների, փող են ակնկալում, քանի որ իրենց կոշիկը մշակութային է»:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարիրոսյանն այսպես է նկարագրում հանդիպում. «Մշակույթի գործիչների հանդիպումն էր Նիկոլ Փաշինյանի հետ։
Թատրոն՝ լուսավոր բեմ և կիսամութ դահլիճ։
Ես դահլիճում էի։ Էլիտան ներկա էր»:
Հանդիպամն արդյունքում նա եզրակացրել է.
«Ինչ ասաց այսօր Նիկոլը։
Ասաց՝ պետք է ֆինանսավորենք պահանջարկը, այլ ոչ առաջարկը։
Բացեմ։ Ֆինանսավորում ենք ոչ թե թատրոններն ու կինոները, այլ հանդիսատեսին։
Ֆինանսավորում ենք ոչ թե հրատարակիչներին կամ գրողներին, այլ գրադարանները և ընթերցանության աճը, ֆինանսավորում ենք ոչ թե թանգարանները, այլ այցելուների աճը ապահովելը։
Հանդիսատեսը, գրադարանը, ընթերցողը, այցելուն այդ փողը կհասցնեն շնորհքով գրողին, թանգարանին, նկարչին, երաժիշտին, թատրոնին, կինոյին, դերասանին, թարգմանչին»:
Հանդիպման մասին պատմող նյութերը՝ ներքևում:
Հարակից հրապարակումներ`
- «Կոռուպցիան, կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայից զերծ հասարակությունը մշակութային երևույթներ են»
- «Երկար տարիներ մեր երկրում մեներգիչների, մեներգչուհիների մենաշնորհ է եղել»
- Իմ ծրագրերը գողանում են, գռեհկացնում, վաճառում ուրիշին. Հրանուշ Խառատյան
- Միքայել Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրեց իր նախատիպի հետ
- Հեռուստատեսությունը մարդկանց կրթական ցենզը հետևողականորեն իջեցնում է. ՀՀ վարչապետ
- Օպտիմալացումը թատրոնի հերն անիծում է. Նիկոլայ Ծատուրյան
- Չեմ կարծում, թե կառավարությունը պետք է որոշի՝ արվեստագետը ինչով ու ինչպես պիտի զբաղվի. Նիկոլ Փաշինյան
- Մշակութային օջախները պետք է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար
- Նիկոլ Փաշինյանը հանդիպում է մշակութային գործիչների հետ