Արա Բաբլոյան. Առաջին Հանրապետությունը դարձավ ա´յն հիմքը, որի վրա պաշտպանված հայրենիք են կառուցում Հայաստանն ու Արցախը
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ:
ԱԺ լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ:
Հարյուր տարի առաջ այս օրը վեց դարերի ընդհատումից հետո վերածնվեց հայոց պետականությունը: Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, իր պատմական հայրենիքից մնացած վերջին հատվածի վրա միավորելով բոլոր ուժերը, շրջեց պատմության ընթացքը: Մայիսյան համաժողովրդական հերոսամարտերը պսակվեցին Սարդարապատի փառահեղ հաղթանակով և դարձան ա՛յն հենասյուները, որոնց վրա խարսխվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը:
Մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ բառը: Այդ իրավունքը միասին նվաճեցին հայ կադրային զինվորականը, արևմտահայ գաղթականն ու կովկասահայ շինականը, արցախցի մարտիկն ու հայ հոգևորականը: Եւ սերունդներին ավանդեցին պետականության անփոխարինելիության ու հայության ուժերի նկատմամբ հավատի վրա հիմնված արժեքային համակարգ, որի կրողն այսօր մենք ենք:
Պատմաքաղաքական բարդագույն պայմաններում կարճ կյանք ունեցավ մեր վերածնված պետականությունը: Բայց նրա գոյության երկուսուկես տարիները բավական եղան՝ ապահովելու ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, լուրջ քայլեր ձեռնարկելու զինված ուժերի ստեղծման, պետական ու հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ ա´յն հիմքը, որի վրա վեր բարձրացավ Խորհրդային Հայաստանը, իսկ այսօր պաշտպանված հայրենիք ու ազատ հասարակարգ են կառուցում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները: Եվ դա հարգանքի լավագույն տուրքն է նրանց, ովքեր հուսահատության այն սև օրերին մեզ Մայիսի 28 պարգևեցին:
Կրկին շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, երջանկություն, ստեղծարար աշխատանք, ազատ պետություն կերտելու կամք և վճռականություն»:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել
- Սարդարապատ՝ հերոսություն, որ կյանք է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան