Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Գոհաբանական մաղթանք
Մայիսի 28-ի առավոտյան, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվեց Գոհաբանական մաղթանք մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով:
Առաջին անգամ Հայ Եկեղեցում այն կատարվել է Երջանկահիշատակ Ամենայն Հայոց Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի տնօրինությամբ, 1919 թ. մայիսի 28-ին` Հանրապետության մեկամյա տարեդարձին:
Մաղթանքի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ազատամարտիկներ և բազում հավատավոր հայորդիներ:
Հանդիսավոր թափորը Մայր Տաճարի առջևից, ավետաբեր տոնական զանգերի ղողանջների ներքո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի Բաց խորան, ուր սկսվեց Գոհաբանական մաղթանքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնրադիր աղոթեց Հայաստանի Հանրապետության խաղաղության և անսասանության համար:
Արարողության ավարտին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը տոնի և 100-ամյա հոբելյանի առիթով իր պատգամն է ուղղել համայն հայությանը:
«Սիրելիներ, մայիսյան պանծալի իրադարձությանց խորհրդով ոգեշնչված՝ միասնաբար հայցենք, որ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ պարգևված հաղթությունները, զորությունն ու շնորհները բազմապատկվեն մեր կյանքում: Ի խորոց սրտի մեր աղոթքը բարձրացնենք՝ խոնարհում բերելով լուսավոր հիշատակին մեր նորօրյա Ղևոնդ Երեցի՝ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսյան մարտերի հերոս հայորդիների՝ Արամ Մանուկյանի, Գարեգին վարդապետ Հովսեփյանի, քաջարի զորականներ Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանների, Դրոյի և այլոց ու բազում հոգևորականների: Մայիսյան հերոսամարտերի օրերին հնչող զանգերի ղողանջը թող մշտապես արձագանքի հայոց հոգիներում: Թող ղողանջեն զանգերը՝ վառ պահելով խնկելի հիշատակը հայոց քաջերի: Թող ղողանջեն զանգերը՝ ի ծագս աշխարհի հյուսելով պանծանքը Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամատերի: Թող ղողանջեն, հար ղողանջեն զանգերը՝ աշխարհասփյուռ ազգիս զավակաց մեջ ամրապնդելով խիզախումի ու անձնվիրումի ոգին, որպեսզի մեր ժողովուրդը նոր կորովով ու եռանդով շարունակի ծառայել մեր հայրենիքի առաջընթացին, մեր կյանքի ապահովությանն ու բարօրությանը, ազգային մեր իղձերի իրագործմանը:
Տիրոջ սերը, ողորմությունն ու շնորհները այսօր և հավիտյան թող լինեն մեզ հետ և ամենքի. Ամեն»,-մասնավորապես ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: