Քայլի Մինոուգը նշում է 50-ամյակը
Համաշխարհային ճանաչում ունեցող ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգը նշում է 50-ամյակը: Երգչուհին Բրիտանական կայսրության շքանշանի շքանշանակակիր է, Գրեմմի մրցանակակիր, թողարկել է 14 ալբոմ, նրա «Fever»-ը աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմն է:
Նա փոփ երաժշտության ամենաազդեցիկ երգիչներից մեկն է, նրան հաճախ համեմատում են Մադոննայի հետ:
Քայլի Մինոուգը ծնվել է 1968 թ-ին Ավստրալիայի Մելբուրն քաղաքում։ Հայրը՝ Ռոն Մինոուգը, ավստրալացի է, ում ընտանիքը տեղափոխվել էր Ավստրալիա Իռլանդիայից, իսկ Քայլիի մայրը՝ Քերոլ Ջոնսը, ուելսցի է, որը գաղթել է Ուելսից 1955 թվականին։ Քայլին երեք երեխաներից ամենամեծն է։ Նրա քույրը՝ Դանի Մինոուգը, նույնպես երգչուհի է, իսկ եղբայրը՝ Բրենդանը, աշխատում է որպես լուրերի ֆոտոլրագրող Ավստրալիայում։ Նրանք բոլորն էլ հաճախել են Մելբուրնի Քեմբերվիլ դպրոցը։
10 տարեկանից Մինոուգ քույրերը սկսել են իրենց հաղթարշավը ՝ Ավստրալիայի հեռուստատեսության ցուցադրումներում, իսկ 11 տարեկանից Քայլի Մինոուգը սկսել է նկարահանվել սերիալներում, սակայն երկար ժամանակ նրան չէին նկատում:
Առաջին հաջողությունը նրան բերեց 1986 թվականին «Հարևաններ» սերիալում խաղացած դերը: Այդ դերի համար ապագա երգչուհին միանգամից մի քանի ավստրալիական մրցանակի արժանացավ:
Տարիներ անց Մինոուգը պայմանագիր է կնքում ձայնագրման ստուդիայի հետ և 80-ականներին թողարկում է առաջին ալբոմը, մասնավորապես, 1988թ-ին, Ավստրալիայում ամենահայտնի երգերից մեկը՝ «The Locomotion»-ը:
Մեկ տարի անց թողարկվում է երգչուհու «Kylie» դեբյուտային ալբոմը, որը բրիտանական հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ ԱՄՆ-ում այն ստացել է «Ոսկե» կարգավիճակ:
Իհարկե, երգչուհուն երկար ժամանակ չհաջողվեց կրկնել առաջին ալբոմի հաջողությունն ԱՄՆ-ում, չնայած ալբոմների լավ վաճառքին, այդուհանդերձ, երկար ժամանակ թե իր հայրենիքում, թե Մեծ Բրիտանիայում, խոշորագույն հյուսիսամերիկյան շուկան փակ էր երգչուհու համար:
1990-ականների կեսերին Քայլի Մինոուգը փորձեց փոխել իր իմիջն ու երաժշտական ժանրը:
Նրա հինգերորդ և վեցերորդ ալբոմները դարձան երգչուհու ստեղծագործական բարձունքը, սակայն, ինչպես հաճախ է տեղի ունենում, դրանք հանրության լայն շերտերին հայտնի չդարձան:
2001թ-ին թողարկեց «Fever» ալբոմը, որը նրան հնարավորություն տվեց ճանաչման հասնել հյուսիսամերիկյան շուկայում, իսկ արդեն 2004 թ-ին Մինոուգն արժանացավ «Գրեմմի» մրցանակի «Come into my Head» երգի համար:
2005 թվականի գարնանը երգչուհու մոտ ախտորոշում են կրծքագեղձի քաղցկեղ: Նրան վիրահատում են, իսկ հետո քիմիաթերապիայի կուրսեր է անցնում, որից հետո հայտարարում են, որ հիվանդությունը հնարավոր է եղել չեզոքացնել:
Դրանից հետո երգչուհին սկսում է նորից բեմ դուրս գալ: