ԱԺ արտահերթ ընտրություններ բոլոր դեպքերում լինելու են. Արծվիկ Մինասյան
Այն խորհուրդը, որ տվել է 1918 թվականը, պետք է օգնի, որ մեր պետականությունն ու ապագան միշտ մեր ձեռքերում պահենք։ Ցանկացած գործողության հիմքում միայն ու միայն հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի։ Սարդարապատի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Համոզված եմ, որ նոր կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջ է շարժվելու այս սկզբունքներով»,- ասաց նա։
Լրագրողներն Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին՝ իրեն ավելի հարմարավետ զգում է Էկոնոմիկայի՞, թե Բնապահպանության նախարարի պաշտոնում։ Դաշնակցական գործիչը պատասխանեց, որ Բնապահպանության նախարարությունն իրեն մեծ փորձառություն է տվել։
Նա միաժամանակ նշեց, որ կառավարության երիտասարդ անդամների աշխատանքի առնչությամբ մտահոգություններ չկան, կա զգուշավորություն։
«Համոզված եմ, որ երիտասարդ լինելով հանդերձ, երբ ապագայի հիմքում դրվում են փորձը և ապագայի նկատմամբ ազգային, պետական արժեքները, հաջողություն ենք ունենալու։ Որևէ մեկը նախարար կամ կառավարման հմտություններ ձեռք բերած չի ծնվել»,- նշեց նորանշանակ նախարարը։
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ դրանք անպայման կայանալու են, քանի որ ընտրական համակարգը պետք է փոփոխության ենթարկվի։
«Այն, որ խորհրդարանի՝ այսօր ներկայացված հարաբերակցությունը ակնհայտորեն չի համապատասխանում մեր իրողություններին, փաստ է, բայց թե ինչ ժամկետում պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, ավելի մանրամասն կներկայացնի վարչապետը։ Դաշնակցությունը միշտ պատրաստ է»,- ամփոփեց գործադիրի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Մովսես Հակոբյան. Սա մեր հաղթանակների սկիզբն է
- Սարդարապատում մեկնարկեց Առաջին հանրապետության կազմավորմանը նվիրված հանդիսավոր միջոցառումը
- Արա Բաբլոյան. Առաջին Հանրապետությունը դարձավ ա´յն հիմքը, որի վրա պաշտպանված հայրենիք են կառուցում Հայաստանն ու Արցախը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին