Բակո Սահակյան. Հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնությունների ու կոտորածների, անցել է բազում փորձությունների միջով, քանի որ չուներ պետականություն, ապրում էր օտարի լծի տակ:
Եվ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց կարճ ժամանակահատված, այնուամենայնիվ, նշանակալի է նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում քաջ հայորդիների սխրանքն ապացուցեց, որ հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում և պաշտպանում սեփական հողը, երբ միասնական է ու հաստատակամ:
Մայր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, միշտ վառ պահելով 1918-ի հերոսամարտերի ոգին, շարունակում են համատեղ ջանքերով պաշտպանել, զորացնել ու զարգացնել հայկական երկու հանրապետությունները, որպեսզի շենանա հայկական հողը և հայ ժողովրդի ապագան լինի հուսալի ու պայծառ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան