Տնտեսագետը՝ ԱԱԾ բացահայտումների մասին
Այն, ինչ այսօր անում է Ազգային անվտանգության ծառայությունը «350-ի ցուցակի» և ընդհանրապես հակակոռուպցիոն պայքարի համատեքստում, կարող է հետաքրքիր քաղաքական ու տնտեսական հետևանքներ ունենալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով ապօրինի հարստացած անձանց մասին բացահայտումներին:
«Կոռուպցիոն սխեմաները անշուշտ ծրագրվել ու ղեկավարվել են ամենավերին մակարդակով: Սա կարելի է ասել տասնամյակների ընթացքում ձևավորված ու արմատակալած կառավարաոճ է եղել ու խոշոր բիզնեսի մարդիկ, թերևս առանց բացառության, ներգրավված են եղել այդ սխեմաների մեջ՝ պարտավորված լինելով մենաշնորների, արտոնությունների ու քվոտաների դիմաց պարբերաբար մուծվել զանազան «հիմնադրամների» ու ստվերային հաշվեհամարների: Անվանենք դա «կոռուպցիոն տուրք»: Ու հիմա, երբ շերտ առ շերտ բացահայտվում են այդ սխեմաները, բիզնեսի մարդիկ, ազատագրվելով «կոռուպցիոն տուրքից» իրենց հերթին պարտադրված են դադարեցնել քաղաքական ծառայությունների մատուցումը այն քաղաքական ուժին, որի երբեմի հաճախորդն էին: Խոսքը հատկապես վերաբերում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավորներին:
Ստեղծված իրավիճակում նրանց կողմից ողջամիտ քայլ կլինի լքել խմբակցությունը ու ձևավորել անկախ պատգամավորական խումբ: Սա բիզնեսը քաղաքականությունից ինքնակամ տարանջատելու առաջին ողջամիտ քայլը կլինի: Իսկ հաջորդ քաղաքական ցիկլի ընթացքում ցանկացած գործարար կարող է մասնակցել քաղաքականությանը միայն միջնորդավորված՝ լոբբիստների միջոցով, ինչպես ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում:
Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն արշավի տնտեսական հետևանքներին, ապա բիզնեսի վրա դրված ու այն խեղճացնող «կոռուպցիոն տուրքի» վերացումը թույլ կտա հսկայական միջոցներ /առնվազն երկրի ՀՆԱ 10 տոկոսը/ տնտեսել ներդրումերի, նոր աշխատատեղերի ստեղծման ու զարգացման համար»,- գրել է Ատոմ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ տնօրենը հայտարարել էր՝ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով: Ըստ Արթուր Վանեցյանի՝ այդ միջոցով պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են ։ Մասնավորապես, Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ տնօրենն առաջիկայում նոր բացահայտումներ է խոստանում
- Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին
- Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում