Սարդարապատ՝ հերոսություն, որ կյանք է
100 տարի է անցել Սարդարապատի հերոսամարտից: Նրա նշանակությունն արժանիորեն գնահատելու համար այս ճակատամարտին տվեցին 20-րդ դարի Ավարայր անունը: Ճակատամարտ, որին մասնակցեցին ԲՈԼՈՐԸ, և հաղթանակ, որ Առաջին Հանրապետություն տվեց Հայոց երկրին:
Քաղաքականությունը գալու էր հետո..
«... Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը (այժմ՝ Արմավիրի շրջ գ. Հոկտեմբեր) և Գեչրլուն (այժմ՝ գ. Մրգաշատ):
Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից (այժմ՝ էջմիածնի շրջան, գ. Արշալույս) և Ղուրդուղուլիից (այժմ՝ Արմավիրի շրջան գ. Արմավիր) անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խաճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Արաքս կայարանից հս-արմ. գտնվող Չիմնի և Թուլքի բարձունքներում:
Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը (մայիսի 22-26-ի մարտերի ընթացքում թուրքերը տվեցին 3500 սպանված), սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:
Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդապետ Կ. Հասան Փաշայանի (Ղասաբփաշյան) հրամանատարությամբ, զորախմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, երկու Էսկադրոն, Խնուսի գնդի մեկ վաշտ և 4 հրանոթ], որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից:
Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակի մնացորդները խուճապահար փախան Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը նվաճվեց հայՀայկական կամավորական ջոկատները հրամանատարների հմուտ ղեկավարությամբ գործող հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների հերոսական պայքարի գնով:
Սարդարապատի ճակատամարտում լավագույնս դրսևորվեցին հնուց եկող հայկական ռազմական արվեստի ավանդույթները: ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, մտավորականներ, հոգևորականներ, արհեստավորներ, ռուսական բանակում ծառայած հայ սպաներ, քաղաքական բոլոր կուսակցությունները. մոռացվեցին բոլոր տարաձայնությունները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում և ծառայում իբրև գթության քույրեր: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է:
Տարած հաղթանակի շնորհիվ Արլ. Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց հայկական պետականության վերականգման համար. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Ի նշանավորումն Սարդարապատի ճակատամարտում հայերի տարած հաղթանակի՝ 1968-ին ճակատամարտի վայրում բացվել է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում