Շտուտգարտ, Վիսբադեն. շարունակվում են Սերգեյ Սմբատյանի ելույթները Եվրոպայում
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ շարունակվում են Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մայիսի 23-ին Շտուտգարտի Liederhalle-ի «Բեթհովեն» սրահում երաժշտասեր հանրությունը հավաքվել է՝ ունկնդրելու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը, որը տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Նվագախումբը ամերիկացի ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերի և ավստրիացի դաշնակահար Ինգոլֆ Վանդերի մասնակցությամբ ներկայացրել է Ալբերտ Գարզիայի Kewn ստեղծագործությունը և Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտ։ Համերգի երկրորդ մասում հնչել է Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։
Liederhalle-ի «Բեթհովեն» սրահը առանձնանում է իր յուրահատուկ ակտուստիկայով, որն էլ ավելի խորհրդավոր էր դարձնում նվագախմբի հնչեցրած երաժշտությունը։
Մայիսի 25-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայություն շրջանակներում հանդես է եկել Վիսբադենում` հանրահայտ Kurhaus-ում։
Դավիթ Աարոն Քարփենթերը նշում է, որ իր համար մեծ հաճույք է ելույթ ունենալ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, քանի որ նրանց հետ կատարումներում նոր հնչերանգներ է հայտնաբերում։
Այսօր նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ բեմ կբարձրանա աշխարհի ամենահայտնի համերգային դահլիճներից մեկում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։