Առաջին, երկրորդ, երրորդ հնարավորություններ Լոռու՝ 5 միլիոն ԱՄՆ դոլարանոց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում
«Կարող են սովորել 3 տարեկանից բարձր բոլորը։ Այն լավ հնարավորություն է երկրորդ մասնագիտություն սովորել ցանկացողների համար էլ, տեղեկատվական տեխնոլոգիաների դարում օր-օրի փոփոխվող իրականությունից հետ չմնալ ցանկացող մեծահասակների համար էլ. ՏՏ-ն և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են»,- կենտրոնի բացմանը panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի մանուկներ հիմնադրամից» Անահիտ Էվոյանը։
«Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը»,- հյուրերին ողջունեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենը։
«Ի դեմք ՍՄԱՐԹ կենտրոնի՝ մենք ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ։ Եվ այդպիսի օրինակները մեր անձնական ջանքերով տեսանելի ապագայում տարածվելու են Հայաաստանի Հանրապետությունով մեկ։ Իմ շատ սիրելի պատանիներ, եղեք երազող և հավակնոտ, որովհետև ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին և, առհասարակ, ապագա բոլոր կառավարությունների սեղաններին»,- շնորհավորական իր խոսքում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի նկարագրության մեջ ասվում է, որ այն « ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է։ ՍՄԱՐԹ նորարարական հայեցակարգը փոխում է գյուղական Հայաստանի պատկերը՝ այն դարձնելով միջազգային համայնքի անքակտելի մաս։ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծելու»։
Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։
«SAP ընկերությունը Հայաստանի ուսանողներին հասանելի նորագույն տեխնոլոգիաներ է մշակում, ինչպես բլոկչեյնը։ Կորպորատիվ ծրագրավորման ոլորտում առաջատար լինելով՝ SAP-ն ձգտում է զարգացնել այն համայնքները, որոնք գործածում են մեր տեխնոլոգիան, և ապահովել աշխարհի երիտասարդությունը անհրաժեշտ հմտություններով՝ սեփական նպատակները գլոբալիզացված աշխարհում իրագործելու համար»,- նշեց ԱՊՀ երկրներում SAP CIS տնօրեն Իլյա Յուրյեվը։
Այսպիսով՝ Երևանյան Թումոյին, Այբին, Դիլիջանի միջազգային դպրոցին ավելացավ ևս մի «փախած» ուսումնական կենտրոն՝ Դեբեդի (ՔՈԱֆ) ՍՄԱՐԹ կենտրոնը։
Ի դեպ, լոռեցիներն արդեն լոկալ հումորներ ունեն կենտրոնի հետ կապված, օրինակ «Ասա ՍՄԱՐԹս մարդ լինի, մարդս էլ՝ ՍՄԱՐԹ», «Մեր աղջկան, որ էս տարի էլ մարդու չտանք, ՍՄԱՐԹի ենք տալու», «Ավելի լավ ա մարդու աչքը դուրս գա, քան ՍՄԱՐԹ-ը»,…:։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին