Հայաստանի և Արցախի զբոսաշրջային հնարավորությունները շատ ավելի են, քան դրանք կարողանում ենք իրացնել . Զեյթունցյան
«Զբոսաշրջության ոլորտում սերտ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի, իսկ հուշագրի ստորագրումով համագործակցությունը կտեղափոխվի նաև ինստիտուցիոնալ դաշտ», -այս մասին նշել է Արցախի հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ եռօրյա պաշտոնայան այցով Արցախում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ մայիսի 25-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ստորագրել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Զարմինե Զեյթույցյանն իր հերթին ընդգծել է ներգնա զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը. «Բազմիցս եղել եմ Արցախում որպես զբոսաշրջիկ և մեծապես տպավորված եմ եղել ընդունելությունից: Վստահ եմ՝ մեր համերկրացիները, այցելելով Արցախ, ոչ միայն կծանոթանան պատմամշակութային արժեքներին, այլ նաև կբացահայտեն արցախցուն՝ ջերմ ու հյուրընկալ: Իսկ զբոսաշրջիկներին հաճախ առավել գրավում է հենց ընդունելությունը»:
Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի զբոսաշրջային հնարավորությունները շատ ավելի են, քան դրանք կարողանում ենք իրացնել և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի և՛ Հայաստանը, և՛ Արցախը զբոսաշրջիկների համար դարձնել առավելապես գայթակղիչ:
Այցի շրջանակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների պատվիրակությունն այցելել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարան, Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան, Տիգրանակերտի պատմամշակութային արգելոց, Նիկոլ Դումանի տուն-թանգարան և զբոսաշրջային նշանակություն ունեցող մի շարք այլ վայրեր: