Եթե իմ նշանակումից հետո որևէ մեկն ինչ-որ բան է արել, խիստ կպատժվի, ընդհուպ՝ ազատազրկում. ՊԵԿ նախագահ
Պատմական հնարավորություն է ընձեռնվել մեկընդմիշտ արմատախիլ անել կոռուպցիոն ռիսկերը: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ ՊԵԿ-ի առաջնային խնդիրներից մեկը շարունակելու է մնալ ստվերի դեմ պայքարը։
«Եթե մենք հիմա էլ դա չանենք, ուրեմն ձախողում ենք ընդհանրապես ամեն ինչ, ինչ մեզ համար արժեք ունի։ Նախկինում շատ բան կարող էր լինել, բայց հիմա, եթե ես, օրինակ, պարզեմ, որ մայիսի 18-ից հետո որևէ մեկն ինչ-որ բան է արել, ինքը խիստ կպատժվի, ընդհուպ մինչև ազատազրկում», - նշեց Անանյանը։
ՊԵԿ նախագահը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՊԵԿ-ում արմատական կադրային փոփոխություններ են արվել, և դրանք շարունակվում են։
Անդրադառնալով ստվերի դեմ պայքարին՝ պաշտոնյան շեշտեց, որ սա մշտական գործընթաց է:
«Եթե ես ասեմ, որ վեց ամիս հետո ստվեր չենք ունենալու, հանրության առջև ազնիվ չեմ լինի, սակայն ստվերի դեմ պայքարելու արդյունավետ գործիքակազմ ունենք և շարունակելու ենք ներմուծել: Ստվերի դեմ պայքարն այսօր մեր առաջին նպատակադրումներից մեկն է»,- հավաստիացրեց Անանյանը: