Խաղաղապահների մոտ տոն է, բնակիչների մոտ՝ խուճապ
Տեսանյութում լսվող կրակոցները հնչում են Երևանի ամենակենտրոնում՝ քաղաքապետարանի շենքից քիչ այն կողմ:
Մինչ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադն իր օրն էր տոնում, հարակից շենքերի բնակիչները երկմտանքի մեջ էին՝ ի՞նչ կրակոցներ են, ո՞ր ուղղությամբ, ո՞ւմ դիպան, փախչե՞ն, երեխաներին ինչ անեն,...: Երիտասարդ կանայք, որ երևի երեխաներին ցերեկային քնի էին դրել ու հազիվ շունչ էին քաշում, դուրս էին եկել պատշգամբներ ու չհասկացող ու խոժոռ նայում էին կրակողների կողմը:
Երևանի կենտրոնում տեղակայված գնդի տարածքում տոնական քայլերթին հաջորդող կրակոցների մասին ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ էլ գնդից քիչ հեռու տեղակայված քաղաքապետարանը որևէ իրազեկում ու հայտարարություն չէին տարածել:
Հրավառության սահմանափակումների մասին ակտիվացած խոսակցությունների ֆոնին հետաքրքրիր է սպասվելիք կրակոցների մասին լռելը, երևի «հարակից շենքերի բնակիչները պետք է որ սովորած լինեն» տրամաբանությամբ:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան քաղաքացիների դժգոհության պատասխանում է. «Տոնական միջոցառում է, ցուցադրական պարապմունքներով։ Արդեն ավարտվել է։ Գնդի տարածքից դուրս էլ դա չի լինում»:
Հարցին, թե ինչու նախարարությունը չի իրազեկել քաղաքացիներին ու քաղաքապետարանին, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Իրազեկում չի եղել, քանի որ դա մեծ մասշտաբի միջոցառում չէ: Պայթուցիկ միջոցներ չեն կիրառվել»:
Համոզված ենք, որ երեխամայրերը միանգամայն հանգստացան Արծրուն Հովհաննիսյանի նետած պատասխանից: Արդեն որքան ժամանակ է՝ բնակիչները բողոքում են, իսկ ՊՆ-ն տղամարդավարի է վերաբերում նրանց «հիստերիաներին»՝ պայթուցիկ չի, ուրեմն «օկ» է:
Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը ակամա հիշեցրեց տարիներ առաջ դատարանում մի դատախազի ելույթը, որով նա «հանգստացրեց» ծնողների, ովքեր բողոքով էին դիմել իրենց մանկահասակ աղջկան փախցնելու համար. «Տարել էր ամուսնանալու, հո չէ՞ր ուտելու»: