Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվել է Եվրոպա ու Ռուսաստան
«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։
Համակարգի 1000 սարք վաճառվել է սկանդինավյան երկրների, Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի և ՌԴ-ի դիստրիբյուտորներին:
Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Մաշուրյանը նշում է, որ սարքավորումները «Made in Armenia» դրոշմը կրող եզակի hardware-ինժեներիայի արտադրանքներից են։
«Մենք կարող էինք կազմակերպել արտադրությունը ԵՄ-ում կամ Չինաստանում, սակայն մեզ համար կարևոր էր ստանալ սարքավորում, որի մասին հպարտորեն ասվեր՝ «Նախագծված ու արտադրված է Հայաստանում»։ Մեր երկիրն արդեն ունի որակյալ ծրագրեր արտադրողի համբավ։ Այժմ մենք ցույց ենք տալիս, որ մեզ մոտ կարելի է նաև որակյալ hardware-արտադրանք ստեղծել»,-ասել է նա։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Heltun-ի արտահանած առաջին խմբաքանակում են խելացի թերմոստատներ, որոնք խնայում են բնակարանի կամ օֆիսի ջեռուցման և հովացման ժամանակ ծախսվող էլէներգիայի մինչև 50%-ը, և լուսավորությունը, պատուհանները, դռները, ժալյուզիները, փականները և բազմաթիվ այլ ֆունկցիաներ ղեկավարող սենսորային վահանակներ։ Ողջ համակարգը կառավարվում է նաև պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով։
«Մենք համոզված ենք, որ Heltun-ի արտադրանքը կգտնի իր սպառողներին Նորվեգիայում և կդրդի մյուս «Խելացի Տուն» արտադրողներին ստեղծել մարդկանց կյանքն ավելի հարմարավետ ու անվտանգ դարձնող նոր սարքավորումներ»,- նշել է սկանդինավյան երկրներում արտադրանքի դիստրիբյուտոր՝ «Tronika AS» ընկերության տնօրեն Ս.Վոտյուկը:
«Հայկական ընկերության արտադրանքը գրավեց մեզ իր գեղեցիկ դիզայնով, բարձր որակով ու մրցունակ գնով։ Heltun-ի սարքավորումների նախապատվության մեջ զգալի դեր են խաղացել նաև մտածված ինտերֆեյսն ու սարքավորումների մեծ ֆունկցիոնալությունը։ Մոտակա ժամանակաշրջանում ընկերությունը կարող է առաջատար դառնալ իր ոլորտում», -նշում է ՌԴ-ում ընկերության արտադրանքի դիստրիբյուտոր՝ «Умные Устройства» ընկերության տնօրեն Ս. Պոլտորակը։
Ընկերությունն ունի ավելի քան 10 նախագծված սարք, որոնք պատրաստ են արտադրության։ Պլանավորված է հաջորդ տարի արտահանել 10.000 սարքավորումից բաղկացած խմբաքանակ, որի արտադրության համար ընկերությունն իր արտադրամասում աշխատողների թիվը կհասցնի 30-ի։ «Մենք համոզված ենք պահանջարկի աճի մեջ, ուստի արտադրության ծավալների մեծացման համար նոր ներդրումներ ու տեխնիկական մասնագետներ են պահանջվում», - նշում է Աշոտ Մաշուրյանը։
Խելացի Տունը օֆիսում կամ բնակարանում կատարվող առօրյա կենցաղային գործողությունների ավտոմատացման համակարգ է։ Այն ավտոմատ կերպով ղեկավարում է լուսավորումը, կլիման, դռներն ու պատուհանները, անվտանգության համակարգերը (օրինակ, ջրի արտահոսքը արձանագրող և կանխող տվիչները) հեռուստացույցն ու մյուս մուլտիմեդիա համակարգերը և բազում այլ սարքավորումներ։ Համակարգը մեկ ցանցում է միավորում ողջ տունը, իսկ արհեստական ինտելեկտն օգնում է ծրագրավորել այն տանտիրոջ պահանջներին համապատասխան։
Արդի համակարգերը ոչ միայն անվտանգ ու հարմարավետ կենցաղի երաշխիք են, այլ նաև օգնում են խնայել կոմունալ ծախսերը։
«Խելացի Տուն» համակարգերի գլոբալ շուկան գնահատվում է $24 մլրդ։ Կանխատեսումների համաձայն, 2022 թվականին այն կկազմի $53 մլրդ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան