ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են նախկին իշխանությունների նկատմամբ «ատելության խոսքի» դրսևորումներով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան, ովքեր մայիսի 23-ից 25-ը Հայաստանում էին փաստահավաք այցով, շնորհավորել են Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին և առաջին հերթին հայ ժողովրդին՝ զսպվածության ու քաղաքական հասունության համար, որը ցուցաբերվել է Հայաստանում բողոքի ակցիաների ու իշխանության փոփոխության ժամանակ, որոնք տեղի են ունեցել խաղաղ ու սահմանադրական դրույթներին ու սկզբունքներին համապատասխան։
«Իշխանության փոփոխության այն եղանակը և այնուհետ վարչապետ Փաշինյանի կողմից ներառական ու լայն կառավարության նշանակումն ընդգծում է քաղաքական համակարգի հասունությունը, ինչպես նաև քաղաքական բոլոր ուժերի հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության կոնսոլիդացիային։ Այս առումով բոլոր քաղաքական ուժերը պետք է արժանիորեն գնահատվեն»,-ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։
Համազեկուցողները նշել են երկրում խորը և արագ բարեփոխումների խիստ բարձր ակնկալիքները՝ դրված ժողովրդի կողմից նոր իշխանությունների առաջ։ Այս համատեքստում համազեկուցողներն ընդգծում են, որ ներառական կառավարության նշանակումն ու նոր վարչապետի հստակ մտադրությունը՝ ստեղծել կայուն ու ժողովրդավարական միջավայր, ստեղծել են անհրաժեշտ պայմաններ ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ու երկրի ազգային անվտանգության համար։
«Ի լրումն, վարչապետի ու նրա քաղաքական դաշնակիցների կողմից տրված ազդակները, որ արդարադատության համակարգը լինելու է լիովին անկախ ու գործելու է ազատ՝ առանց հրահանգների ու քաղաքական միջամտության, զերծ են պահում քաղաքական հաշվեհարդարի մտավախությունները, որոնք մենք լսել ենք մեր այցի ընթացքում»,-ասել են համազեկուցողները՝ ընդգծելով նաև, որ չի կարող քաղաքական գործիչների քրեական գործողությունների համար լինել անպատժելիություն՝ քաղաքական երանգներից անկախ։
Միևնույն ժամանակ համազեկուցողները վերահաստատել են իրենց մտահոգությունները՝ նախկին իշխանությունների նկատմամբ սոցիալական ցանցերում տարածված «ատելության խոսքի» կապակցությամբ և կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին քննադատել այն։
Հաղորդվում է, որ Հայաստան այցի ժամանակ համազեկուցողները տեղեկացվել են արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների ցանկության ու անհրաժեշտության մասին։
Նշվում է, որ իշխանությունները ընտրությունների ժողովրդավարական պայմանների ապահովման համար ցանկանում են փոփոխել ընտրական օրենսգիրքը՝ հիմնվելով բոլոր քաղաքական ուժերի միջև լայն կոնսենսուսի վրա։
Համազեկուցողները նշում են, որ լիովին հասկանում են արտահերթ ընտրությունների անցկացման կոչերը, սակայն ընդգծում Վենետիկի հանձնաժողովի ստանդարտները՝ համաձայն որոնց ընտրություններից առաջ պետք է կայունացվի ընտրական օրենսդրությունը, ինչպես նաև կարիք կա քաղաքական ուժերին բավարար ժամանակ տալ՝ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար։
Համազեկուցողները ողջունում են նոր իշխանությունների ցանկությունը՝ շարունակել երկրում մարդու իրավունքների հետ կապված օրենսդրության շարունակությունն ու խորացումը։ Այս առումով համազեկուցողները հույս են հայտնում, որ խտրականության դեմ պայքարի օրենքը կընդունվի, ինչպես նաև Ստամբուլի ու Լանզարոտի կոնվենցիաների վավերացումը շուտով կլինի Ազգային ժողովի օրակարգում։
Համազեկուցողները շեշտում են Եվրոպայի խորհրդի ու ԵԽԽՎ-ի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին ժողովրդավարական կոնսոլիդացիայի ճանապարհին։
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Լենա Նազարյանը ԵԽԽՎ-ում ջարդել է «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության մասին «վառ» պատկերացումը
- ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը
- ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք այցով Հայաստանում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին