«Երբ սկսում են սայլակներից վեր կենալ». նաև բիզնես ծրագրեր զինհաշմանդամների համար
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն այս պահին ևս ընդլայնման ծրագրեր է իրականացնում»,- այս մասին այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Ռեկտորի խոսքով՝ կենտրոնում զինհաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև նրանց սոցիալական ինտեգրման, կրթության հարցերը:
Արմեն Մուրադյանը նշեց, որ ունեն լեզվի ուսուցման, տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացներ: Ըստ նրա՝ հատուկ սենյակներ են պատրաստում, որ այդ դասընթացներն այդտեղ անցկացնեն.
«Նախագծային աշխատանքները դեռևս շարունակվում են, հուսով եմ, որ մինչև տարեվերջ երկրորդ փուլը կավարտենք»:
Արմեն Մուրադյանը նշեց, որ կենտրոնը լիարժեք աշխատում է իր ամբողջ հզորություններով։ Կարևորը, ըստ նրա, տղաները շարժունողականության հետ կապված ունեն ակնառու փոփոխություններ, բացի այդ, նրանց տրամադրությունն է փոխվել:
«Երբ սկսում են սայլակներից վեր կենալ, իրենց երեսին ժպիտ է երևում, իսկ դա նշանակում է՝ մեր աշխատանքներն էլ ավելի մեծ թափով պետք է առաջ գնան», - ընդգծեց ռեկտորը։
Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ անդրադառնալով խնդիրներին՝ ասաց, որ այս պահին կենտրոնը պետական աջակցության կարիք ունի:
Նրա խոսքով՝ հաշվարկները ներկայացվել էին Պաշտպանության նախարարություն, սակայն նոր նախարարի հետ դեռ այս թեման չեն քննարկել:
«Կենտրոնը տարեկան 400 միլիոն դրամի կարիք ունի, որպեսզի ամեն ամիս 70 զինհաշմանդամություն ունեցող անձ վերականգնողական բուժում ստանա: Գումարի մեծ մասը կազմում է սարքավորումների ամորտիզացիան, այսինքն՝ նաև պետք է նոր սարքավորումներով համալրենք կենտրոնը, ինչպես նաև դեղորայքը, եթե զինհաշմանդամներին պետությունը դեղորայք տրամադրի, ապա մոտավորապես 73 միլիոն դրամ մեր բյուջեից կնվազի»,- նշեց նա:
Հայկուհի Մինասյանն ասաց, որ այսօր ԵՊԲՀ-ն հոգում է կենտրոնի կոմունալ ծախսերը, բացի այդ, վերականգնողական բուժումից դուրս անվճար են պրոֆեսորների կոնսուլտացիաները, իսկ սնունդի, դեղորայքի ծախսերը գոյանում են բարերարների ու հիվանդների վճարած գումարներից:
Կենտրոնի տնօրենը հայտնեց, որ սկսել են գյուղատնտեսական ծրագիր։
«Չորս զինհաշմանդամ հավ է պահելու ու ձուն, միսը վաճառվելու է, այսինքն՝ եկամտի աղբյուր ենք ստեղծում մեր վիրավոր տղաների համար», - նշեց նա:
Արմեն Մուրադյանն էլ հավելեց, որ կենտրոնի բակում կլինի Հերոսների պուրակ, որտեղ կգործի նաև սրճարան։
«Նախագիծն արդեն պատրաստ է, որոշ դրամական միջոցներ արդեն կուտակվում են, անպայման ստեղծելու ենք սրճարան, քանի որ դա բիզնես հնարավորություն է, որ տղաները կարողանան վաստակել»,- ընդգծեց ռեկտորը:
Հարակից հրապարակումներ`
- Հայրենասիրությունը օրինակով է, իսկ լավագույն օրինակը դուք եք. Արմեն Սարգսյանը՝ զինհաշմանդամներին
- Ցավալի է՝ իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել. Արմեն Սարգսյան