Հայրենասիրությունը օրինակով է, իսկ լավագույն օրինակը դուք եք. Արմեն Սարգսյանը՝ զինհաշմանդամներին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցեց վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամների հետ և բոլորին մեկ առ մեկ շնորհավորեց Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով:
Նախագահը բուժվող տղաներին մաղթեց, որ նրանք առողջ լինեն, ոտքի վրա կանգնած և մեկ տարի հետո Սարդապատի հուշահամալիրում միասին նշեն հանրապետության 101-ամյակը:
Արմեն Սարգսյանը նշեց, որ խոսելով տղաների հետ՝ հասկացավ, որ նրանք ուժեղ կամք ունեն, հաղթահարել են և վախը, և դժվարությունները:
«Դուք պետք է օրինակ լինեք, որ այդքան դժվարություններից, կորուստից հետո այնքան ուժ ունեք, որ կարողանալու եք ոտքի կանգնել և վերադառնալ նորմալ կյանք: Ես մաղթում եմ, որ ձեզանից նրանք, որոնք դեռ ամուսնացած չեն, ամուսնանան, երեխաներ, թոռներ ունենան, և հետո պատմեք նրանց ձեր անցած ճանապարհի մասին, որովհետև ձեր անցած ճանապարհը շատ կարևոր է: Հայրենասիրությունը միայն կոչերով չէ, հայրենասիրությունը օրինակով է, իսկ լավագույն օրինակը դուք եք»,- ասաց Արմեն Սարգսյանը: