Բաբայանն արձագանքում է Աղաջանյանին
«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Աղաջանյանի հայտարարությանը, թե Արա Բաբլոյանը հրավիրված է եղել և որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր, և որպես ԱԺ նախագահ, ստիպված եմ առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ է օրենսդիր իշխանությունը, պետական միջոցառումը և արարողակարգային ավագությունը»,-այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, Էդուարդ Աղաջանյանը պաշտոնապես հայտարարել է՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: «Եւ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,-ասել էր նա:
Արսեն Բաբայանը մանրամասնում է՝ այսպես, պետական իշխանության մեջ օրենսդիրն առանձին ու անկախ ճյուղ է, որը համախմբում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին։ ՀՀ ԱԺ նախագահը ոչ թե ՀՀԿ խմբակցության, այլ ամբողջ Ազգային ժողովի նախագահն է։
«Առավել ևս, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ԱԺ նախագահ է ընտրվել ԱԺ պատգամավորների 88 քվեով։ Պետական արարողակարգային ավագությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունն է, որով որոշվում է ներպետական և միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի և դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգը։
Իշխանության օրենսդիր ճյուղի հրավեր նշանակում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների հրավեր, իսկ եթե օբյեկտիվ պատճառներով դա անհնար է, ապա ներկայացուցչական ղեկավար մարմնի, այն է՝ ՀՀ ԱԺ խորհրդի հրավեր։ ԱԺ խորհուրդը կազմված է ՀՀ ԱԺ նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների նախագահներից։
Եթե օբյեկտիվ պատճառներով անհնար է նաև հրավիրել այս կազմը, ապա ներկայացուցչական ղեկավար հաջորդ մարմինը ՀՀ Ազգային ժողովի նախագահն է։ Պետական արարողակարգով, որը պետականության սիմվոլիկան ապահովող հիմնական գործընթացն է, նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների եռյակ, այն է՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Կրկին արարողակարգը նախատեսում է, որ նշված երեք բարձրաստիճան պաշտոնյաները պետական միջոցառումներում մասնակցում են միասին, միջոցառման պաշտոնական մասն անցկացնում են երեքով։ Առնվազն այս երեք պաշտոնյաները պետք է լինեն նույն հարթության վրա, նույն հարթակում։
Նախորդ մեկնաբանության մեջ արդեն տեղեկացրել եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը փորձել է պարզել ՀՀ ԱԺ նախագահի արարողակարգային մասնակցությունը, մասնավորապես, թե որ ճանապարհով պիտի մոտենա, նշված եռյակում որ կողմում պետք է կանգնի և բազմաթիվ այլ արարողակարգային հարցեր։ Այդ փորձի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահը չի լինելու եռյակում, այլ՝ որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր պետք է համալրի մյուս երկու պատգամավորների շարքը։
Այսպիսով, նշված որոշումը գնահատելով որպես օրենսդիր իշխանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրաժարվել է ներկա լինել միջոցառմանը, գիտակցելով, որ արարողակարգային ավագության կոպիտ խախտմամբ իր մասնակցությունը կնսեմացնի ՀՀ Ազգային ժողովի դերը։
Պետական համակարգում փորձառություն ունեցողները գիտեն, թե ինչպես է իրականացվում ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրելը։ Փորձառություն ունեցող պետական պաշտոնյաները, մասնավորապես աշխատակազմերում ծառայություն իրականացնողները, գիտակցում են, որ օրենսդիր իշխանության կամ Ազգային ժողովի նախագահի հրավերը սոսկ ներկայություն ապահովելը չէ, այլ՝ արարողակարգի հիմնադրույթների ամբողջական պահպանում։ Պետական միջոցառման հրավիրելը պետական արարողակարգային գործողությունների ամբողջության ապահովումն է»,-նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արա Բաբլոյանը ի պաշտոնե չի հրավիրվել, չի ներկայացել
- Ինչո՞ւ Արա Բաբլոյանը Սարդարապատի հուշահամալիրում չէր