Իրավական տեսակետից դեռ գնահատական չկա. ֆինանսների նախարարը՝ «Նորֆոլկի» մասին
«Պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները մի կառույց են ստեղծել, կոռուպցիոն սխեմա են ստեղծել, որով երկրին հասցրել են հսկայական վնաս»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործունեությանը։
«Կառույցը նախատեսված էր մուտքեր ապահովելու համար՝ կոռուպցիոն սխեմա է ստեղծվել մուտքերը գրպանելու համար: Սրա վտանգավորության աստիճանն ուզում եմ հասկանանք: Պատկերացնո՞ւմ եք, թե նրանց գործունեության հետևանքով քանի հարյուր միլիարդ չի մուտքագրվել բյուջե։ 500 աշխատակից ունեցող ընկերությունը գրանցել է 5 աշխատող, ինչը նշանակում է, որ մուտքեր չեն ապահովվել: Մեր հարկերը գրպանել են: Կարելի՞ է վստահել այդ ընկերության գործունեությանն ու ստուգումներին: ՊԵԿ գործունեության այս ողջ ընթացքի պաշտոնյաների նկատմամբ պետք է հարուցվեն քրեական գործեր»,- ասաց պատգամավորը՝ խնդրելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ գնահատական տալ և նոր քաղաքականությամբ երկրի ապագան այսպիսի փոսը չգցել։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ վաղ է գնահատական տալ սա կոռուպցիոն սխեմա է, թե ոչ, հաշվարկել վնասի չափը և այլն:
«Դեռևս քննություն է տարվում, դեռևս չկա իրավապահ մարմնի եզրակացությունը: Գնահատականները կարող են իրականությանը մասամբ համապատասխանել: Այստեղ փաստը միայն այն է, որ կառույցը ստեղծվել է, մնացածը գնահատական է։ Քանի դեռ չկա գնահատական իրավական տեսակետից, մնացած գնահատականները հենց իրավական տեսակետից ռիսկեր են պարունակում։ Չգրանցված աշխատողների մասով վերաբերմունք պետք է արտահայտվի, բայց իրավական դաշտում: Մեր ընկալումն այն է, որ գործողությունները պետք է լինեն իրավական դաշտում, որովհետև մենք ձգտում ենք ունենալ օրենքի գերակայություն»,- պատասխանեց նա։
Անդրադառնալով ՊԵԿ-ի՝ վստահության հետ կապված հարցին, Ջանջուղազյանն ասաց. «Չե՞ք կարծում, որ մի քիչ չափազանցված է մի ամբողջ կառույցի գնահատական տալ այս օրինակով, որտեղ վստահ եմ դուք էլ ունեք հարազատներ, բարեկամներ, չեք կարծում, որ բոլորը հանցագործ են: Առանձին վերցրած դեպքերը տարածել ամբողջ համակարգի վրա՝ ռիսկ է պարունակում»: