Ահազանգի հետքերով «Ելք»-ի անդամները թիվ 19 պոլիկլինիկայում են
Բուժաշխատողների ահազանգերով այս պահին Երևանի թիվ 19 պոլիկլինիկա են այցելել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ այստեղ եկել են պատրաստված, եթե անգամ ահազանգողները հրաժարվեն իրենց խոսքերից, փորձելու են հասկանալ, թե ինչքանով են արդարացված ահազանգերը:
Ահազանգողները բողոքել են, որ պոլիկլինիկայի տնօրենը աշխատանքի ընդունելու համար գումար է պահանջում քաղաքացիներից: Խնդիրներ կան նաև աշխատավարձերի վճարման հետ կապված: Ավագանու անդամները մտան հաշվապահություն, նկարեցին հաստիքացուցակները, դրանք հետագայում ուսումնասիրելու համար:
Նրանք այնուհետ եղան մամոգրաֆիայի կաբինետում: Նշեցին, որ ահազանգեր ունեն, որ այդ կաբինետի դուռը երկար ժամանակ չի բացվում, քանի որ բժիշկը տեղում չէ, սարքն էլ չի աշխատում: Բժշկուհի Արմինե Ղազարյանն այցի պահին տեղում չէր, հետո եկավ: Տեղեկացրեց, որ սարքը չի աշխատել մոտ 25 օր, խնդիրներ կան երևակման հետ: Եթե խնդիրը լուծվի, այն պատրաստ է շագագործման: Լրագրողներն արձանագրեցին, որ սարքի վրա փոշու հաստ շերտ կա:
Բուժքույրերից Դավիթ Խաժակյանը հետաքրքվեց, ճի՞շտ են ահազանգերը, որ ամեն ամիս ստիպված են իրենց աշխատավարձից հատկացում կատարել պոլիկլինիկայի կոմունալ վճարումները կատարելու համար: Բուժքույրերը հերքեցին, բայց Խաժակյանը պնդեց, որ նման դժգոհություններ են ստացել:
Այժմ ավագանու անդամները շրջում են կաբինետներով, ինչից հետո նախատեսում են հանդիպել պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ: