Թիվ 19 պոլիկլինիկայում հայտնաբերված չարաշահումների հարցով դիմելու են Գլխավոր դատախազություն
Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի բուժաշխատողներից ստացված ահազանգի հետքերով մայիսի 29-ին բուժհաստատություն էին գնացել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները։ Վերջիններիս հետ զրույցում պոլիկլինիկայի ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանն անդրադարձավ ահազանգին, թե կոմունալ վճարումներն անում են իրենք՝ բուժաշխատողները։ «Ես բազմիցս փորձել եմ հաշվապահությունից ճշտել իմ աշխատավարձի կոնկրետ չափը կամ ճշտումներ անել աշխատավարձի կտրուկ տատանումների հետ կապված, ինձ ասել են, որ հատկապես ձմռանը, կոմունալ վճարումներով պայմանավորված, պահումներ են արվել։ Ինձ հաշվապահությունից պատասխանեցին, որ դա օրենքով նախատեսված կարգով է արվում»,- ասաց նա։
Մելքոնյանը նշեց, որ բուժաշխատողներից որևէ մեկն իր աշխատավարձերի կոնկրետ չափը չգիտի, պարզապես երբեմն այն կտրուկ իջնում է, և ամիս է եղել, երբ աշխատավարձի 20-25 հազարի դրամ տարբերություն է եղել։ Ակնաբույժն ասաց, որ փորձել է տնօրենից ճշտել՝ որքան է իր աշխատավարձը, նա ասել է՝ 166 հազար դրամ, սակայն երբ իրեն տեղեկանք էր պետք, գրել է 148 հազար։ «Ես չկարողացա հասկանալ՝ ինչքան եմ ստանում, ավելի քան 9 տարի է՝ աշխատում եմ, ժամանակ առ ժամանակ երկու բժիշկի փոխարեն եմ սպասարկում՝ մոտ 76 հազար մեծահասակ բնակչություն։ Մեր աշխատավարձերից տոկոսներ են պահում՝ 10 տոկոս, իմ կոլեգան հոգնել էր այդ խնդիրներից, և այլևս այստեղ չի աշխատում»,- ասաց նա։
Իբրև ասվածի հաստատում՝ Մելքոնյանը նշեց, որ վերջերս աշխատավարձ ստանալիս անակնկալի է եկել՝ տեսնելով սպասվածից շատ գումար, երբ փորձել է ճշտել՝ արդյոք թյուրիմացաբար չեն շատ վճարում, իրեն տեղեկացրել են, որ ապրիլից օգոստոս կոմունալ վճարումներին հատկացվող ծախսերը հանել են, դրա համար ավել է ստացել։
Պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը լրագրողներին հրավիրեց երկխոսելու, կոչ արեց երկխոսել համերաշխության մթնոլորտում։ Նա նշեց, որ չի կարծում, թե իր ղեկավարած բուժհաստատությունում որևէ աշխատակից կգտնվի, ով երբևէ աշխատավարձի խնդիր է ունեցել։ Տնօրենին փոխանցեցին նաև արձակուրդների հետ կապված դժգոհությունները. Ավագանու անդամներին հայտնել էին, որ արձակուրդ ստանալու համար տնօրենի մոտ են գնում խմիչքով։ Սարգսյանը նշեց, որ իրենք նախապես ունենում են հաստատված արձակուրդների ցանկ՝ ողջ տարվա համար։ «Ոնց եք պատկերացնում... եթե արդեն հաստատված ցանկում ընդգրկված է, ինչու պետք է գա տնօրենի մոտ»,- նշեց նա։ Տնօրենը տեղեկացրեց, որ իրենք անչափահաս երեխաներ ունեցողներին ընդառաջում են, սակայն նաև խնդիր կա, երբ բոլորը ցանկանում են ամռան ամիսներին գնալ արձակուրդ։
Ակնաբույժի հնչեցրած մեղադրանքներին արձագանքելով՝ Սարգսյանը դրանք աբսուրդ անվանեց։ Նա հայտնեց, որ աշխատավարձի չափի տարբերությունը կապված է ամսվա աշխատանքային օրերի թվաքանակի հետ։ «Ոնց կարող է կոմունալ վճարումների համար աշխատակիցներից վճար գանձվի։ Գուցե ակնաբույժը չի տիրապետում տվյալներին, ճիշտ չի հասկանում կամ սխալ են ներկայացրել հաշվապահությունից»,- ասաց նա։
Տնօրենի հետ հանդիպման ավարտին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ դիմելու է դատախազություն, ներկայացնելու է հաղորդում հանցագործության մասին, տրամադրելու է իրենց ունեցած տվյալները։ Դիտարկմանը, թե փաստաթղթային առումով խնդիր կարծես թե չկար, նա պատասխանեց. «Փաստաթղթով մշտապես ամեն ինչ հիմնավորված է, այդ թվում՝ ինչպես 16 պոլիկլինիկայի դեպքում։ Ինձ համար անվիճարկելին մամոգրաֆիայի սարքի հետ կապված հարցն է, որը ոչ թե սարքի աշխատել-չաշխատելուն է վերաբերում, այլ՝ որ ծառայություններ չեն մատուցվում և այդ վճարը գանձվում է բուժանձնակազմից»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է աշխատանքից
- Ահազանգի հետքերով «Ելք»-ի անդամները թիվ 19 պոլիկլինիկայում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին