«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել, որով նախաձեռնության անունից առողջություն է ցանկանում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։
Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Երեկ՝ 2018 թ. Մայիսի 29-ին, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կողմից առաջ քաշված 4 պահանջների հիման վրա տեղի ունեցավ ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպում, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, որոնց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից տրված պատասխանները ոչ միայն սպառիչ չէին, այլև ավելի մտահոգիչ:
ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց համալսարանի ներկայիս ոչ ուսանողակենտրոն լինելը: Ուսանողների կողմից սեփական կարծիքը հայտնելու, մասնակցային տարբերակով դրանց լուծման հասնելու փորձերը որակավորվեցին որպես բռնություն և զոռբայություն: ԵՊՀ ղեկավարությունը, փոխանակ ընդառաջ գնալու ուսանողների պահանջներին, փորձեց քաղաքական ենթատեքստ հաղորդել ամբողջ պրոցեսին՝ փորձելով խեղաթյուրել ուսանողական անկախ, ազատ պայքարը: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը ցավում է, որ ԵՊՀ ղեկավարությունը փաստարկների բացակայության պատճառով դիմում է անթույլատրելի մեթոդների՝ փորձելով արհամարհել, աղավաղել սեփական ուսանողների նախաձեռնությունը:
Թե՛ երեկ, թե՛ այսօր ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որևէ գործողություն կամ գործունեություն:
Պետք է փաստենք, որ ԵՊՀ ղեկավարությունը իր վարքագծով և հայտարարություններով ևս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելը ուսանողական խնդիրներին և անուշադրությունը ուսանողների պահանջների նկատմամբ:
ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը հայտարարվել է անկախ ուսանողական տարածք, որտեղ այժմ ուսանողների և դասախոսների մի մասը կիսվում են իրենց խնդիրներով, մի մասը պատրաստվում է քննություններին, մի մասն էլ լսում է երաժշտություն: Մենք կարծում ենք, որ բուհի կարևորագույն հատկանիշներից մեկը պիտի լինի ուսանողակենտրոնությունը: Բուհը ուսանողին վերադարձնելու պրոցեսը սկսվել է և այն անկասելի է:
Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ: Մի կողմ թողնելով ընթացիկ տարաձայնությունները և առկա լուրջ գաղափարական հակասությունները՝ ուսանողական անկախ, ազատ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը առողջություն է ցանկանում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտորը հոսպիտալացվել է
- Ուսանողները ԵՊՀ-ում շարունակում են բողոքի ակցիան
- «Ակնկալում ենք արագ և գործուն աջակցություն՝ ԵՊՀ-ն քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար». հայտարարություն
- ԵՊՀ ռեկտորը չի պատրաստվում զիջումների գնալ
- Արամ Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
- «Դուք չեք տիրապետում ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին». Ուսանողը՝ ռեկտորին
- Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին