Ես չեմ պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից. Հակոբ Հակոբյան
ԱԺ հանրապետական պատգամավոր, «Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր Հակոբ Հակոբյանը հերքում է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է լքել ՀՀԿ-ն:
«Ես չգիտեմ՝ ով ինչ է գրում, ով ինչ է ասում: Ես չեմ պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից»,- ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Իսկ հնարավոր համարո՞ւմ է, որ ներկայումս խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն առաջիկայում դառնա փոքրամասնություն: Պատգամավորն այս հարցին ուղիղ պատասխան չտվեց, միայն կրկնեց, որ չի պատրաստվում լքել կուսակցությունը և խմբակցությունը:
Լրագրողները Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցին՝ դուրս չի գա նույնիսկ այն դեպքում, եթե ՀՀԿ խմբակցությունն իրոք փոքրամասնությո՞ւն դառնա: «Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամականերում դուրս գամ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ իր վատ օրերին ՀՀԿ-ն իր կողքին չէր (խոսքը «Կիլիկա» գարեջրի գործարանի՝ հարկային խնդիրների պատճառով դատական գործընթացներում ներգրավելու մասին է՝ խմբ.), Հակոբ Հակոբյանը շեշտեց՝ «Կիլիկիան» տնտեսական գործունեություն է, պատգամավորությունը՝ քաղաքական: «Մեկը մյուսի հետ կապ չունի: Ես երբեք պատգամավոր չեմ դարձել՝ բիզնես պահելու համար: Ես եկել եմ ԱԺ, որպեսզի կարողանամ իմ երկրին որևէ հարցով օգուտ տալ: Տասը տարի ես հանուն դրա եմ աշխատել»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարարներին ուղղված հորդորին՝ գալ հարկային դաշտ, պատգամավորը շեշտեց, որ ինքը ստվերային տնտեսություն երբեք չի վարել:
Լրագրողները Հակոբյանից հետաքրքրվեցին՝ կիսո՞ւմ է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն կարծիքը, որ բիզնեսով զբաղվող անձինք չպետք է օրենսդիր գործունեությամբ զբաղվեն: «Ճիշտն ասած՝ այդ կարծիքի հետ համամիտ չեմ: Ես տասը տարի եղել եմ պատգամավոր, ով զբաղվել է բիզնեսով, և շատ մեծ օգուտներ եմ տվել մեր տնտեսությանը՝ օրենքների ընդունման հարցում: Փորձառու մարդիկ, որոնք ԱԺ գալիս են երկրի շահը պաշտպանելոըւ համար, պետք է լինեն խորհրդարանում և կառավարությունում»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ եթե մեծամասնական համակարգով ընտրություններ կայանան, ինքն անպայման մասնակցելու է դրանց։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ. Շիրակ Թորոսյանի հեռացմանը բոլորը կողմ են քվեարկել
- Իր որոշումն է. Շարմազանովը՝ ՀՀԿ-ն լքած Արթուր Գևորգյանի մասին
- Շիրակ Թորոսյանը հայտարարեց Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին
- Պատգամավոր Արթուր Գևորգյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից ու խմբակցությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան