Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են
Մայիսի 30-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
Ողջունելով հյուրին և շնորհավորելով արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ ուրախ է Թբիլիսիում հանդիպել բարեկամ Հայաստանի իր գործընկերոջը: Խորհրդանշական համարելով, որ ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցելությունը տեղի է ունենում հենց Վրաստան՝ Միխեիլ Ջանելիձեն համոզմունք է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերություների զարգացմանը:
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ձեռնարկելու է բոլոր հնարավոր քայլերը հայ-վրացական հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ: Նախարար Մնացականյանը նշել է, որ առկա է համագործակցության խորացման և ընդլայնման համար երկկողմ պատրաստակամություն` հիմնված փոխադարձ ըմբռնման և հարգանքի վրա:
Նախարարները երկուստեք հաստատել են համատեղ ջանքերով երկու երկրների միջև կապերի առավել խորացման և ամրապնդման պատրաստակամությունը՝ կարևորելով արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության, ԱԳՆ-ների միջև ոլորտային ուղղություններով պարբերական խորհրդակցությունների անցկացման և նախարարների պարբերական հանդիպումների դերն այս ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է տեղի ունեցել հայ-վրացական օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի խորացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայմանն առնչվող հարցերը:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել վիրահայությանը հուզող հարցերի շուրջ, անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների:
ԱԳ նախարարը վրացի իր գործընկերոջն է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան